Ի՞նչ սկզբունքով էին ընտրում նախկին և ներկա ղեկավարներն իրենց կադրերին կարևոր ոլորտում

Չորս ամիս առաջ պաշտպանության նախարարությունը համալրվեց ոլորտից անտեղյակ ևս մեկ կադրով․ Երևանի երբեմնի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվեց ՊՆ նախարարի տեղակալ։ Ի դեպ, մինչ օրս նա դեռ տեղյակ չէ, թե որ ոլորտի համար է պատասխանատու։ Օրերս ԱԺ-ում լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որ ոլորտներն է համակարգում, նա չկարողացավ հստակ պատասխան տալ՝ միայն արտաբերեց․ «Որոշ ոլորտներ կան, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում, մի ուրիշ անգամ դրանց մասին կասեմ»։ Զարմանալի էլ, չէ, որ ռազմական ոլորտի հետ մասնագիտական որևէ առնչություն չունեցող պաշտոնյան մինչև օրս չգիտի, թե նախարարությունում ինչ է անում։ Հրաչյա Սարգսյանի կենսագրության մեջ գրված է, որ նա մասնագիտությամբ ճարտարագետ է, սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենակետային վարժարանում՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան։ 2014-2018 թվականներին աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին նոր հայտնվել է քաղաքականության մեջ․ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, այնուհետև 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել Երևանի քաղաքապետ։ 2023 թվականի ապրիլի 4-ին Հրաչյա Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական, այնուհետև օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Փաշինյանի կադրային քաղաքականությունը միշտ էլ թերացել է, չգիտես հատուկ միտումնավորությա՞ն, թե յուրայինների շրջանում մասնագետների, պրոֆեսիոնալների բացակայության պատճառով գերատեսչություններում պատահական մարդիկ են հայտնվում, ինչի հետևանքով տվյալ նախարարությունը, կառույցը դառնում է անարդյունավետ ու ձախողում իր ստանձնած առաքելությունը։ Օրինակները բազմաթիվ են։ Մեզ համար առանցքային նախարարություներն այսօր ըստ էության բուտաֆորային են դարձել։ Օրինակ՝ արտգործնախարարությունը զուտ ձևական դեր է կատարում արտաքին քաղաքական հարցերում, իսկ երկրի արտաքին կուրսն ու հարաբերությունները որոշում է քպ վարչախմբի պարագլուխը։ Արարատ Միրզոյանը զուտ պրոտոկոլային դեմք է դարձել։

Ի դեպ, պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը Փաշինյանի կադրային տխուր, ինչու ոչ, նաև դավադիր քաղաքականության տիպիկ արտացոլումն է։ Սուրեն Պապիկյանը բավականին պատասխանատու առաքելություն է ունեցել մասնագիտության բերումով՝ աշխատելով որպես պատմության ուսուցիչ դպրոցում, դասավանդել է նաև «Քվանտ» վարժարանում։ Մի փոքր շեղվելով թեմայից՝ հարցադրում անենք՝ հետաքրքիր է, թե այսօրվա քպ-ականների գործընկեր ու համախոհ ուսուցիչը ի՞նչ է դասավանդել իր սաներին, տեսնես այն ժամանա՞կ էլ գաղտնի խեղաթյուրել է մեր պատմական փաստերը, ինչով այսօր զբաղված են կարկառուն քպ-ականները՝ համագործակցելով մեր դարավոր թշնամիների հետ և մեր պատմության դասագրքերը հարմարեցնելով նրանց թելադրած քաղաքականությանը։ Շարունակելով թերթել Պապիկյանի կենսագրությունը՝ ի վերջո կհամոզվենք, որ նա բանակի, զինվորական գործի, երկրի պաշտպանության հետ բացարձակ առնչություն չունեցող մարդ է, մինչև պաշտպանության նախարարի աթոռին հայտնվելը Փաշինյանը նրան է վստահել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը 2019 թվականին, իսկ 2021 թվականին արդեն նշանակվել է պաշտպանության նախարար։ Թե ինչ տխուր, ողբերգական դեպքեր եղան Պապիկյանի նախարար լինելու տարիներին, բոլորին է հայտնի։ Հենց նրա ղեկավարության օրոք էր, որ 15 ժամկետային զինծառայողներ գիշերը քնած ժամանակ այրվեցին զորամասում, իսկ Պապիկյանը ոչ միայն չպատժվեց դրա համար, այլև մինչ օրս շարունակում է պաշտոնավարել։ Հասկանալի է, որ Փաշինյանի համար Պապիկյանը նույնպես բուտաֆորային կադր է, և նրա փոխարեն ոլորտին առնչվող բոլոր որոշումները հենց ինքն է կայացնում, իսկ Պապիկյանը միայն կատարողն է։ Երիցս ճիշտ էր Իոսիֆ Ստալինը, երբ ասում էր, որ կադրերը որոշում են ամեն ինչ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կործանման վտանգավոր շեմին է հասել և դրանում իրենց մեծ ավանդն ունեն նաև ՀՀ վարչապետի պաշտոնն անօրինականորեն ու բռնի ձևով զավթած Փաշինյան Նիկոլի նշանակած կադրերը, որոնք ոչ միայն չեն բռնում իրենց պարագլխի հայակործան ձեռքը, երբ նա այս կամ այն ոլորտում արհեստականորեն քաոս է ստեղծում ու հողին հավասարեցնում, այլև խրախուսոմ են նրան իրենց հնազանդությամբ ու երկչոտությամբ։

Շարունակելով ներկայացնել պաշտպանության նախարարության կադրերին՝ չմոռանանք նաև մյուս փոխնախարարներին։ Կարեն Բրուտյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին աշխատել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում որպես առաջատար մասնագետ, այնուհետև գլխավոր մասնագետ, 2000-ականներին եղել է վարչության պետ։ Հետագա մասնագիտական գործունեությունը հենց այդ ոլորտին է առնչվել, և կրկին՝ որևէ կապ չկա ռազմականի հետ։ 2018-21 թվականներին եղել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ 21 թվականին զբաղեցրել է ՊՆ փոխնախարարի պաշտոնը։ Ի դեպ, 2011թ. պարգևատրվել է ԼՂՀ կառավարության պատվոգրով՝ «ԼՂՀ ֆինանսատնտեսական բարեփոխումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Արցախին մատուցած ծառայությունների համար»: Հետաքրքիր է՝ իր ղեկավարության՝ Արցախից հրաժարվելու և այն Ադրբեջանին հոժարակամ զիջելու քայլը արդյո՞ք Բրուտյանի մեջ խղճի խայթի որևէ դրսևորում չի առաջացրել։ Դատելով պաշտոնին պինդ կառչելու նրա դիրքորոշումից, հավանաբար Արցախի հարցում նա «դավանափոխ» է եղել։

Արման Սարգսյանը եզրափակում է ՊՆ փոխնախարարների ցուցակը։ Նա թերևս միակ կադրն է այս շղթայում, որ եթե ոչ ռազմական ոլորտի, գոնե ուժային կառույցի հետ անմիջական կապ ունեցող մարդ է։ Փաշինյանի օրոք եղել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ է։ Բայց ամեն դեպքում դա չի  նշանակում, որ նա պաշտպանության ոլորտում որևէ փորձառություն ունի, և փաստորեն երկրի համար պաշտպանական և անվտանգային առումով անելանելի մեր օրերում այս մարդիկ նոր-նոր սկսել են փորձ ու հմտություններ ձեռք բերել։ Պատերազմական իրավիճակում և անվտանգության խնդիրներ ունեցող երկրում պաշտպանության նախարարության այսպիսի կադրային քաղաքականությունը մեծ կասկածներ է հարուցում, որ ֆինանսիստը, տնտեսագետը, պատմության ուսուցիչն ու ոստիկանը ամենևին պատահական չեն հայտնվել պաշտպանական գերատեսչությունում․ Փաշինյանը նման կադրերով նպատակ ունի ավելի խոցելի դարձնել Հայաստանի Հանրապետությունը թշնամի Ադրբեջանի համար, որի պաշտպանության նախարարությունը հագեցած է փորձառու և մասնագիտական լուրջ ներուժ ու հետագիծ ունեցող կադրերով։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գեներալ-գնդապետ է, ունի ռազմական կրթություն, իսկ ներկայիս պաշտոնը զբաղեցնում է դեռ 2013 թվականից՝ մինչև այդ ոլորտային այլ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած լինելով։ Զինվորական մի շարք կոչումների ու պետական պարգևների է արժանացել։

Զինվորական կոչում ունեցող փաշինյանական կադրերն էլ, եթե անգամ նշանակվել են ՊՆ ոլորտում ու ղեկավարել այն, օրինակ Վաղարշակ Հարությունյանը, ապա կասկածելի և պախարակելի պատմություներով անցալ են ունեցել, ինչը բնավ պատիվ չի բերել ոչ նրանց, ոչ էլ նրանց պաշտոն վստահողներին։

Երբեմնի Հայաստանում նույնպես պաշտպանության ոլորտը վստահելի, հարգանքի արժանի ու նվիրյալ կադրերն էին ղեկավարում՝ ռազմական ոլորտում իրենց ուղին անցած, մասնագիտական գիտելիքներով զինված ու արցախյան պատերազմներում կոփված մարդիկ, որոնց համար բանակին ծառայելը առաքելություն էր, կյանքի գործ։ Մինչև դագաղների  հեղափոխությունը 2008-2016 թվականը երկրի սահմանների պաշտպանությունը վստահված էր  ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, որը ծնունդով շուշեցի է։

Սեյրան Օհանյանն իր ռազմական գործունեությունը սկսել է Խորհրդային Միության զինված ուժերում՝ ավարտելով Խորհրդային Ադրբեջանի Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1983 թվականին ծառայության է ուղարկվել Արևելյան Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։ 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։ Արցախյան պատերազմի սկզբին Սեյրան Օհանյանը ակտիվորեն ներգրավվել է ռազմական գործողություններին։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում մասնակցել է տարբեր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։ Նույն թվականի սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում ծանր վիրավորում է ստացել։ 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։ 1999 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, իսկ 2000 թվականի հունվարին՝ Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։ Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2008 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար՝ նույն պաշտոնին վերանշանակվելով 2012 թվականի հունիսի 4-ին՝ պաշտոնավարելով մինչև 2016 թվականը։

Սեյրան Օհանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ, 1-ին աստիճան, «Տիգրան Մեծ», «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճան մեդալների ու շքանշանների, ինչպես նաև Արցախի Հանրապետության «Արցախի հերոս» (սեպտեմբեր 1999), Մարտական խաչ, 1-ին աստիճան, «Հանուն Շուշիի ազատագրման» մեդալների ու կոչումների։ Սեյրան Օհանյանը պարգևատրվել է նաև Խորհրդային Միության «Հանուն գերազանց զինվորական ծառայության», «Անբասիր ծառայության համար», 3-րդ աստիճանի, «70 տարի ԽՍՀՄ զինված ուժեր» մեդալներով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ժուկովի շքանշանով։

Նրան հաջորդել է Վիգեն Սարգսյանը, որի կենսագրության մեջ ռազմական ոլորտի  հետ առնչությունը 2000-2003 թթ. մինչև երեք տարի ժամկետով իսկական զինվորական ծառայության զորակոչումն է, որի արդյունքում նա որակավորվել է որպես պահեստազորի սպա և ստացել սկզբնական զինվորական լեյտենանտի կոչում։ Վիգեն Սարգսյանի՝ նախարար նշանակվելուց հետո նրա դեմ մասնավորապես այսօրվա իշխանականների կողմից իսկական արշավ սկսվեց և ստահոդ լուրեր տարածեցին, թե իբրև նա անգամ բանակում չի ծառայել, հետևաբար ի՞նչ իրավունքով է պաշտպանության նախարար դարձել։ Մի շարք պատգամավորներ պահանջեցին, որպեսզի նորանշանակ նախարարը պարզաբանի հանրության շրջանում շրջանառվող ու քննարկվող լուրերն այն մասին, որ նա չի ծառայել ՀՀ զինված ուժերում։ Մասնավորապես ԵԼՔ խմբակցության պատգմավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Վիգեն Սարգսյանին, թե նա 2000-2003 թվականներին իր ծառայությունն անցկացրել է այն ժամանակ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի ընդունարանում։ 2017 թվականի հոկտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Փաշինյանը դիմել էր ՀՀ զինվորական կոմիսարին և խնդրել տրամադրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը։ Ստացված պատասխանում նշված է եղել, որ Վիգեն Սարգսյանը 2000 թվականին մինչև երեք տարի ժամկետով զորակոչվել է իսկական զինվորական ծառայության՝ նշանակվելով պաշտպանության նախարարի վարչական ապարատի կազմակերպչական ապահովման բաժնի ռեֆերենտի պաշտոնում։ Իսկ մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը Վիգեն Սարգսյանն օգտվել է կրթությունը շարունակելու համար տարկետումից՝ համաձայն այդ ժամանակ գործող օրենքի։ Ավելին, Հենրիկ Մուրադյանը, վկայակոչելով այդ ժամանակ գործող «Զինված ուժերի սպայական կազմի զինվորական ծառայության անցնելու մասին կանոնակարգը», նշել է, որ Վիգեն Սարգսյանը 2000 թվականին որակավորվել է որպես պահեստազորի սպա և ստացել պահեստի սկզբնական զինվորական լեյտենանտի կոչում, քանի որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար սահմանված 2 տարվա փոխարեն ՀՀ ԶՈՒ հետ կնքել է սպայական ծառայություն անցնելու վերաբերյալ 3 տարի ժամկետով պայմանագիր։

Ավելորդ է ասել, որ այն ժամանակ առյուծ կտրող Փաշինյանի կադրերը մասնավորապես պաշտպանության ոլորտում, մեկումեջ են զինվորական ծառայություն անցել։

Վիգեն Սարգսյանը թեև շատ կարճ պաշտոնավարեց, սակայն այդ ընթացքում մի քանի բարեփոխումներ իրականացրեց, որոնք հնարավորություն տվեցին լայնորեն աջակցելու վիրավոր զինվորներին կամ զոհված զինվորների հարազատներին, և 44-օրյա պատերազմից հետո այս վարչակարգը հենց Վիգեն Սարգսյանի ստեղծած հիմնադրամի շնորհիվ կարողացավ որոշ չափով փոխհատուցել նման ընտանիքներին։

Դագաղների հեղափոխությունը թույլ չտվեց, որպեսզի Վիգեն Սարգսյանը շարունակի իր պաշտոնավարումը։ Ամեն դեպքում պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը և նրանց կառավարման ժամանակ բանակում իրականացրած բարեփոխումները փաստում են, թե ինչպիսի պատասխանատվությամբ էր վերաբերվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր կադրերին, մասնավորապես, կարևոր ոլորտներում, ինչպիսիք են արտգործնախարարությունը, պաշտպանության նախարարությունը, էկոնոմիկայի և ֆինանսներինը և ելակով ու անդրավարտիքով հանրության աչքերին քամի չէր անում։

Թագուհի Ասլանյան