Մենք ուզում ենք, որ Հայաստանը լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային հավակնությունից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Եվրոնյուզ» հեռուստաալիքի հարցազրույցում պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ հարցին, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ Հայաստանի հետ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախնական նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանը ինքն է մշակել։ Դրանից հետո վեց անգամ տեղի է ունեցել նկատառումների փոխանակում երկու երկրների միջև։ Եվ երբ ես այս մասին վերջին անգամ ասել եմ «Եվրոնյուզում», ապա հուսով էի, որ Հայաստանը չի ձգձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը։ Դրանցից վերջինները մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ մեկնաբանությունների պատասխանն ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ մոտ երկուսուկես ամիս նրանք գնահատել են պայմանագրի նախագիծը՝ կազմված մի քանի էջից։  Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Հիմա արդեն նոյեմբերի վերջն է։ Իհարկե, խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագրի ստորագրման առիթով լավատեսությունը տարեվերջին նվազել է։ Բայց,կարծում եմ, որ ժամկետներն այստեղ այնքան էլ կարևոր չեն։ Կարևոր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի և էթնիկ զտման։ Միլիոն ադրբեջանցիներ տեղահանվել են Հայաստանի կառավարության կողմից, իսկ մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք ամայացվել է»,- պնդում է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «այնուամենայնիվ, Ադրբեջանն այն երկիրն էր, որը հանդես եկավ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանազատման աշխատանք սկսելու առաջարկով»։

«Հիմա, «ղարաբաղյան պորտֆոլիոյի» փակվելուց հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի մեծ ձգտում պետք է ունենա համաձայնելու մեզ հետ։ Որովհետև  մեր ինքնիշխանության վերականգնումից և Ղարաբաղում անօրինական անջատողական ռեժիմի վերացումից հետո, կարծում եմ, գլխավոր գործոնը, որը խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գոծընթացում, այլևս գոյություն չունի»,- ասել է նա։

Ալիևը նաև ասել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները և կմեկնաբանի դրանք։

«Մենք միաժամանակ աշխատանքային մակարդակով շփումներ ենք ապահպանում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր խողովակներով։ Ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը թե՛ այսօր, թե՛ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը և լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային հավակնությունից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։