Պուտինը կառաջադրվի 2024-ի ընտրություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական նոր ժամկետի համար:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա այս մասին ասել է Կրեմլում հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Այս մասին պատմել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս Արտյոմ Ժոգան, որի խոսքով՝ ռուսաստանցի մարտիկները արարողության ժամանակ Պուտինին խնդրել են առաջադրվել:

«Ռազմաճակատում բոլորն անհանգստանում էին և մտածում, թե Պուտինը կառաջադրվի՞: Մենք շատ ուրախ ենք, որ նախագահը լսեց առաջադրման մեր խնդրանքը, ողջ Ռուսաստանը նրան աջակցում է», – ասել է Ժոգան:

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, մեկնաբանելով Պուտինի՝ ընտրությունների գնալու որոշումը, ասել է. «Մեր նախագահը երբեք չի խուսափել պատասխանատու որոշումներից, և այսօր նա հաստատեց դա։ Ես ինձ համարում եմ Պուտինի թիմի անդամ և, իհարկե, պաշտպանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի այս որոշումը»։