ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերը 2 տարում կտրուկ «էժանացել են». «Սպուտնիկ Արմենիա»

2021-2022 թվականներին Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը երկաթուղիների վերանորոգումը գնահատել է 2-3 անգամ ավելի թանկ, քան այժմ դա անում է ֆինանսների նախարարությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում. գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերին Civilnet-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մոտ 400-500 մլն դոլար կարժենա։ Մասնավորապես, ըստ նրա, Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստև երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ-Հորադիզ (Նախիջևանով և Սյունիքով)՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի – Ախուրյան կայարանը (Թուրքիայի հետ սահման- խմբ.)՝ 8-9 մլն դոլար։

Հատկանշական է, որ 2021 թվականի դեկտեմբեր – 2022 թվականի փետրվար ամիսներին երկաթգծի երեք հատվածների վերականգնումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գնահատականներով, շատ ավելի թանկ է գնահատվել։ Եվ այսպես, Հրազդան-Իջևան-Ադրբեջանի սահման հատվածի վերականգնումը գնահատվել է 496 մլն դոլար։

Դա 1,5 անգամ (56%-ով) ավելի թանկ է, քան այժմ գնահատվում է։ Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգնումը գնահատվել է 226 մլն դոլար։ Դա 3,7 անգամ ավելի թանկ է, քան հիմա։ Գյումրի-Թուրքիայի սահման հատվածի վերականգնումը 2022 թվականին գնահատվել է 16,8 մլն դոլար, ինչը ներկայիս գնահատականներից մոտ 2 անգամ բարձր է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։