Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը միշտ եղել է բարեկամության և բարիդրացիության սահման․ Իրանի դեսպան

«Իրանցիների և հայերի միջև երկարաժամկետ պատմական կապերը և բարիդրացիական հարաբերությունները երկու կառավարությունների միջև արժեքավոր ակտիվներ են, որոնք մեզ թույլ կտան բարելավել հետագա հարաբերությունները՝ հենվելով անցյալի վրա»,- «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ունեցած իր ելույթում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ընդհանուր սահմանը, տարածաշրջանի այլ երկրների համեմատ, ամենակարճն է, բայց որակի տեսակետից այն լավագույններից մեկն է, որ միշտ եղել է բարեկամության և բարիդրացիության սահման։

«Երկու երկրները երբևէ իրար չեն սպառնացել և միշտ հնարավորություններ են ստեղծել միմյանց համար»,-ասել է նա՝ շեշտելով, որ հարաբերությունները տարբեր ուղղություններով են զարգացել։

Դեսպանի խոսքով՝ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը բազմապատկվել է՝ հասնելով է 1 մլրդ դոլարի և երկու հարևան երկրները փոխշահավետ պայմանագրեր են կնքել էներգետիկայի և ենթակառուցվածքի զարգացման ոլորտում։

«Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կնպաստի ոչ միայն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ժողովուրդների շփումներին, այլև տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությանը»,-ասաց դեսպանը։

Մեհդի Սոբհանին ասաց, որ Հնդկաստանից մինչև Սև ծով Հայաստանով տարանցման հնարավորությունները հուսալի ճանապարհ կբացեն դեպի Եվրոպա ապրանքների շարժի համար՝ կարևորելով նախագծում Հնդկաստանի և Հայաստանի մասնակցությունը։

Ողջունելով Հայաստանի ձեռնարկած խաղաղություն հաստատելու նախաձեռնությունը՝ իրանի դեսպանն ասաց. «Սատարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սատարում ենք տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունը»։