ՔՊ-ն անցել է իր միակ զենքին, որին տիրապետում է կատարելությամբ՝ սադրանքին, գյադայությանը, խուժանությանը․ Լևոն Զուրաբյան

Իշխանությունը, օգտագործելով իր ուժային լծակները, ապօրինաբար, ջարդել են դռները և կազմակերպել այդ ապօրինի նիստը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Օրենքը պահանջում է, որ եթե ժամը 10-ին ավագանու նիստը սկսում ես, պետք է կես ժամ սպասես համայնքապետի ներկայությանը: Նրանք պետք է սպասեին կես ժամ, արձանագրեին, որ համայնքապետը չի ներկայացել, որից հետո ևս կես ժամ պետք է սպասեին համայնքապետի տեղակալին, արձանագրեին, որ նա նույնպես չի ներկայացել, և միայն դրանից հետո տարիքով ավագը պետք է վարեր նիստը:

Իսկ իրենք, քանի որ սովորական գողեր են, իշխանագողեր, հենց որ ուժային կառույցների ապօրինի աջակցությամբ հավաքվել են այդ սենյակում, անմիջապես անցել են երրորդ քայլին, ընտրել են տարիքով ամենաավագին, որը վարել է նիստը և կատարել է ապօրինի այդ գործողությունները:

Բնականաբար, համայնքապետը տեսնելով, որ կատարվում է ապօրինություն, ժամը 10։25 մեր բոլորի ուղեկցությամբ մտել է նիստերի դահլիճ՝ բացատրելու համար, որ այն, ինչ իրենք անում են, օրենքի խախտում է»,-ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով, երբ այս ամենը արձանագրվեց, ՔՊ-ն անցավ այն միակ զենքին, որին իրենք տիրապետում են կատարելությամբ. «Դա սադրանքն է, գյադայությունը, խուժանությունը: Իրենք անցան իրենց հարազատ ոճին: Այդ մարդիկ սկսեցին վիրավորանքներ տեղալ համայնքապետի և մնացածների նկատմամբ, սկսեցին քաշքշել: Իրենց պահում էին սովորական գողի նման, երբ գողության պահին մենք ձեռքը բռնել ենք»:

Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստ է գումարել։ Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին չեն թույլատրել մտնել նիստերի դահլիճ։ Նիստին մասնակցում էր ավագանու 27 անդամից 14-ը, որոնցից 13-ը ՔՊ-ի անդամներն էին, իսկ մեկը «Ապրելու երկիր» խմբակցությունից հեռացած և «անկախ» անդամ դարձած Սիմոն Զախարովն էր: ՔՊ-ն հենց այս պատճառով էլ հնարավորություն ստացավ իր սրտի համայնքապետին ընտրելու։

Ալավերդի ավագանու 27 անդամից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։

Եվ այսպես գաղտնի քվեարկությամբ ՔՊ 14 ձայնով համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։