Ոստիկանությունը բերման ենթարկեց «Ապրելու երկրի» ավագանու անդամներին․ մանրամասներ

Ոստիկանությունը Ալավերդու համայնքապետարանի դիմաց խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկեց։

«Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Վրույր Այվազյանին (Գյուլագարակ համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար) և Վահե Հարությունյանին (Արարատ համայնքում ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար) ոստիկանությունը բերման ենթարկեց։

Ավելի վաղ բերման են ենթարկել նաև «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամներ Արամ Մանուկյանին ու Արթուր Աստոյանին։ 

Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստ է գումարել։ Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին չեն թույլատրել մտնել նիստերի դահլիճ։ Նիստին մասնակցում էր ավագանու 27 անդամից 14-ը, որոնցից 13-ը ՔՊ-ի անդամներն էին, իսկ մեկը «Ապրելու երկիր» խմբակցությունից հեռացած և «անկախ» անդամ դարձած Սիմոն Զախարովն էր: ՔՊ-ն հենց այս պատճառով էլ հնարավորություն ստացավ իր սրտի համայնքապետին ընտրելու։

Ալավերդի ավագանու 27 անդամից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։

Եվ այսպես գաղտնի քվեարկությամբ ՔՊ 14 ձայնով համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։