Ալավերդու ավագանու ՔՊ-ական անդամներն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին, և ընտրեցին իրենց սրտի համայնքապետին

Այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստը գումարեց, որին մասնակցում էր ավագանու 27 անդամից 14-ը, որոնցից 13-ը ՔՊ-ի անդամներն էին, իսկ մեկը «Ապրելու երկիր» խմբակցությունից հեռացած և «անկախ» անդամ դարձած Սիմոն Զախարովն էր: ՔՊ-ն հենց այս պատճառով էլ հնարավորություն ստացավ իր սրտի համայնքապետին ընտրելու։

Ալավերդի 27 անդամից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։

Եվ այսպես գաղտնի քվեարկությամբ ՔՊ 14 ձայնով համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին չեն թույլատրել մտնել նիստերի դահլիճ։

Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված համայնքապետարանի շենքի դիմաց, նրանք վանկարկում են՝ «Թամազյան»:

Նիստի գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։

Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։

Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալով, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։

Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր և քվեարկել երկրորդ անգամ:

Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչները՝ ի պաշտպանություն համայնքապետի։ Ոստիկանները թույլ չեն տալիս բնակիչներին շենք մուտք գործել: