Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի․ Ֆրանսիայի սենատի օրինագիծ

ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են. «Ազատության» փոխանցմամբ՝ նշվում է Ֆրանսիայի սենատի բյուջեի պաշտպանության բաժնում։

Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։

«Փարիզը նախաձեռնել է պաշտպանական զինատեսակներ մատակարարել Հայաստան։ Մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ», – նշել են զեկուցողները նաև խորհուրդ տալով «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը»։