Ես այդպես էլ բանակում այդ 5-րդ շարասյունը չիմացա․ Տիրան Խաչատրյան

«Հայաքվե» նախաձեռնությունը երբեք ժամանակավրեպ չի, քանի որ, երբ տեսնում ենք, թե իշխանությունն ինչպիսի քաղաքականություն է վարում Արցախը հանձնելու հետ կապված, սա դառնալու է այն հիմնաքարը, որ հարցը բաց մնա:

Ազգային ժողովի դիմաց «Հայաքվե»-ի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

««Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա, որպեսզի այն հետագայում լուծվի բանակցությունների, ինչու չէ, եթե ունենք դրա հնարավորությունը, այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու: Դեռևս 1989 թվականից ի վեր եղել են Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հիմքերը և հիմա դրանից հրաժարվել այդ նախաձեռնությունից, նշանակում է հարցը միանգամից փակել»,- նշեց նա։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում 5-րդ շարասյան առկայությանը` ԳՇ պետի նախկին տեղակալն արձագանքեց, որ մինչև հիմա չգիտի, թե որտեղ է այն։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ չի նշում, թե ովքեր են այդ «5-րդ շարասյան» պարագլուխները։

ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։

«Ջերմուկում Ադրբեջանը մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը մարտավարական ու ինժեներական առումով։ Այն ունի ռազմավարական նշանակություն իրենց համար, այսինքն` դուրս էլ չեն բերի»,- ընդգծեց Խաչատրյանը։