«Հայասաթ-1» արբանյակը տիեզերք արձակվեց

«Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակն արձակվել է տիեզերք: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

«Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար կարևոր ուղղություն է: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման և առաջընթացի համար:

Կարևորելով տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը՝ 2020թ. մարտի 6-ին ընդունվեց Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքը՝ կարգավորելու Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտը: Օրենքը սահմանում է տիեզերական գործունեության շրջանակը, հիմնական սկզբունքները և հարկային արտոնություններ է տրամադրվում տիեզերական ընկերությունների համար:

Տիեզերական գործունեությունը ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեություն է, որը տրամադրում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: 2021թ. հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, տրամադրել է տիեզերական գործունեություն իրականացնելու առաջին լիցենզիան:

2023թ. սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացավ նաև առաջին մասնավոր ընկերությունը՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը:

Դեռ 2022թ. մայիսի 25-ին Հայաստանն արձակեց իր առաջին Armsat-1-ը Երկրի հեռակա դիտարկման արբանյակը և սկսեց երկրային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները՝ արբանյակի օպերատորների պատրաստում, կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծում։

Այսօր էլ արդեն տիեզերք է արձակվել «Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակը: «Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ Հայաստանում զարգացնելու տիեզերական գործունեությունը, տիեզերական սարքաշինությունը։ Սա նաև միջազգային համագործակցությունների, հայկական ինժեներական տաղանդի կարևոր փորձարկում է:

Հատկանշական է, որ կարևորագույն այս իրադարձությունն իրականություն է դառնում մասնավոր ընկերության՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքի շնորհիվ։

Հայ ինժեներներն իրենց ուրույն դերն են ունեցել աստղագիտության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում։ Այս ծրագիրն այդ նվաճումները շարունակելու և նոր մակարդակի հասցնելու առաջին, բայց հաստատուն քայլն է` տիեզերական տերությունների շարքում Հայաստանի տեղորոշման համար։

Շնորհավորում ենք «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցներին, բոլոր նրանց, ում տաղանդի և կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը նոր առաջընթաց է գրանցում։

Մաղթում ենք «Բազումք»-ի թիմին բեղմնավոր գործունեություն, գիտական նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»,- ասված է հաղորդագրության մեջ։