Ալեքսանդրովը նկարագրել է Ռուսաստանի և Իրանի հավանական արձագանքը Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր ագրեսիային
Չեմ կարծում, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կվերաճի տարածաշրջանային մեծ պատերազմի, քանի որ մարտերը բավականին երկար են ընթանում, և բոլոր կողմերն իրենց զգուշավոր են պահում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Ըստ նրա, Իրանը ամպագոռգոռ հայտարարություններ է անում, սակայն առայժմ սահմանափակվել է միայն իր պրոկսիների միջոցով ծակոցներով։
«Հեզբոլլահի և իրանական այլ շարժումների կողմից խոշոր հարվածներ չեն լինի, իսկ փոքր հարվածների փոխանակումը որևէ բանի վրա չի ազդում:
ԱՄՆ-ն իր հերթին ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ սահմանափակելու նրա գործողությունների մասշտաբները։ Թել Ավիվն այլևս չի ասում, որ պաղեստինցիներին պետք է վտարել Գազայի հատվածից։ Գոնե ամերիկացիները պնդում են, որ դա տեղի չի ունենա, և ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի։
Այս ֆոնին Վաշինգտոնի կողմից Իսրայելին օգնություն տրամադրելու հարցում խոչընդոտ կար՝ իբր Բայդենի և հանրապետականների միջև տարաձայնությունների պատճառով: Բայց եթե ԱՄՆ նախագահը ցանկանար, արագ կկայացներ այս որոշումը և օգնություն ցույց կտար։
Սա կարելի է անվանել Իսրայելին ռազմական օգնությունը ձգձգելու քաղաքականություն, քանի դեռ նա չի կատարել ԱՄՆ-ի որոշակի պահանջները: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը չի ծավալվի, գործողությունն ինքնին երկար կտևի»,- ընդգծել է Ալեքսանդրովը։
Նա կարծում է, որ Ադրբեջանը կարող է օգտվել այս պահից և ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։
«Դա պայմանավորված է նրանով, որ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղված է անգամ Ուկրաինայից, իսկ Հարավային Կովկասն ընդհանրապես գտնվում է ուշադրության ծայրամասում։ Թերևս, միջամտել կարող է Իրանը, որը, սակայն, ամպագոռգոռ հայտարարություններ է անում, բայց երբ բանը հասնում է գործին, Թեհրանը սահմանափակվում է որոշ խորհրդանշական ժեստերով։
Սա հաշվի առնելով՝ ամենևին էլ փաստ չէ, որ Թեհրանը կմիջամտի։ Իսկ թե ինչ սպասել Ռուսաստանից, ես, ընդհանրապես, չգիտեմ։ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանը միանգամայն անպատասխանատու քաղաքականություն է վարում»,- նշել է փորձագետը։