Բռնության կոչերի կասկածանքով հարցաքննվում է Գառնիկ Իսագուլյանը

Բռնության կոչերի կասկածանքով, բայց վկայի կարգավիճակով այսօր քննչական մարմնում հարցաքննվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Քննությունից առաջ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց․«Իսագուլյանը հաշվառում ունի ԱԱԾ քննչականում, Երևան քաղաքի քննչականում, մեր քննչական կոմիտեում, 2018 թվականից հետո սա վերջ չունի: Բռնության կոչերի կասկածանքով, որպես այդպիսին, վկայի կարգավիճակով, բայց բոլորս հասկանում ենք, որ արդեն ունի կասկածյալի կարգավիճակ»։  Փաստաբանը նշեց, որ տեղյակ չեն, թե ինչ դրվագի մասին է խոսքը, շեշտելով․«Իսագուլյանը, այս ընթացքում, այս հակասահմանադրական նորմը լավ գիտակցելով, երբևէ իրեն թույլ չէր տա նման կոչ անել, բայց այս պետությունը, ոնց նայում ենք, Իսագուլյանին չի ուզում հանգիստ թողնել, մենք էլ հանգիստ չենք նայելու, պայքարելու ենք»։
Փաստաբանը հավելեց, որ Իսագուլյանին վերաբերող մեկ այլ գործով հաղթանակ են արձանագրել. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է մեր վերաքննիչ բողոքը Լիլիթ Մակունցն ընդդեմ Իսագուլյանի գործով։ Խոսքը վերաբերում էր 48 միլիոն թուրք-ադրբեջանական գումարներով հեղափոխության մասին, որը բոլորս հասկանում ենք, որ նաև մեղադրանքի հիմքում է ընկած: Ի դեպ, Իսագուլյանի դատավորը քրեականով փոխվել է, այլ դատարանում ենք շարունակելու, ամեն ինչ սկսվելու է զրոյից ու ստացվում էր, որ նույն դրվագի մասին մի հատ քաղաքացիական դատարանում, մի հատ քրեականում ունեինք խնդիր ու ստիպում էին մարդուն ներողություն խնդրել մի բանի համար, որով այս պահին մեղադրանք ունի: Ստացվելու էր, որ անձը մեխանիկորեն ընդունելու էր մեղքը, հիմա Վերաքննիչ դատարանը հաշվի է առել բոլոր փաստարկներն ու բեկանել, գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Չեմ կարող ասել՝ զուգադիպություն է, թե ոչ, բայց գործը բեկանվեց մի ժամանակում, երբ պետք է հարցաքննվեին Սամվել Բաբայանն ու Արգիշտի Քյարամյանը»,- ընդգծեց փաստաբանը: