Ինչպես հանձնեցին Արցախը

Աննա Հակոբյանը Փաշինյանի ազգակործան ծրագրերի գուժողն է

Հիշո՞ւմ եք՝ երբ Փաշինյան ամուսինները հայ ժողովրդին կեղծ խոստումներով ու պոպուլիզմով կերակրելով զավթեցին իշխանությունը, իրեն առաջին տիկին երևակայած Աննա Հակոբյանը լծվեց արցախյան պատերազմը, Արցախն ազատագրելու համար իրենց կյանքը, առողջությունը զոհաբերած մեր տղաներին նվաստացնելու, արժեզրկելու գործին՝ հայտարարելով, թե նրանք հանուն ոչնչի են զոհվել։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցի ժամանակ խոսելով «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին՝ նման ցինիկ հայտարարություն արեց․ «Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը, հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Այս նախաձեռնության միակ իմաստն այդ կյանքերը խնայելն է երկու կողմից էլ»։ Դրա համար էր այս տիկինը բոլոր զենքերը զարդերի վերածելու կոչեր անում, որ թշնամու դեմհանդիման մեր բանակը մերկ կանգներ՝ անգամ մեկ փամփուշտ արձակելու հնարավորությունից զրկված։ Սա ևս ակնարկ էր, որ առաջիկա վճռորոշ պատերազմում պետությունը իր զինվորին զրկելու էր արդյունավետ սպառազինությունից ու հորդորելու անգամ տարրական պաշտպանական հագուստը տանից հասցնել մարտի դաշտ։

Արդեն այն ժամանակ պետք է գլխի ընկնեինք, թե ինչ դավադիր ծրագիր են իրականացնելու մեր երկրում մահ ու ավեր սփռած քպ-ականները՝ իրենց պարագլխի ու նրա տիկնոջ գլխավորությամբ, որ Արցախը զոհաբերելու՝ Ալիևի քմահաճույքը կատարելու պատրաստակամությամբ էին նրանք իրականացրել «2018-ի պլանը»՝ իհարկե իրենց տերերի անմիջական մասնակցությամբ, թելադրմամբ ու կատարած ներդրումներով։ Բայց դա անելու համար այնուամենայնիվ այս ամուսինները մեր հինգ հազար տղաների կյանքը զոհաբերեցին, ավելի շատ հայորդիների էլ հաշմանդամ դարձրին, որպեսզի հետո այդ տղաների ծնողների ու հայրենակիցների դեմքին քմծիծաղով նետեին՝ տեսա՞ք, որ հանուն ոչինչի նրանք կործանվեցին։ Այսօր չկան ոչ այդ տղաները, ոչ նրանց կրծքով պաշտպանած հայրենիքը՝ Արցախը։

2018-ի պլանը հաջողելուց հետո այս իշխանության կարկառուն ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե իրենց «հեղափոխությունն» ավելի մեծ արժեք է, քան արցախյան ազատամարտը։ Դե հիմա ասեք, թե այս հայտարարությունների մեջ որոգայթ փնտրելը դավադրության տեսությունների շարքից է, երբ ընդամենը հինգ տարվա մեջ մենք տեսանք, թե նման հայտարարություններ անողներն ինչ բերեցին մասնավորապես Արցախի Հանրապետության ու այնտեղի բնակչության գլխին։ Քպ խմբակի նման նախատրամադրվածությունը Արցախի հանդեպ մեզ լիարժեք իրավունք է տալիս մտածելու, որ, այո, նրանք եկել էին Հայաստանի համար Արցախի էջը փակելու սև առաքելությամբ, և կարելի է պատկերացնել իր իսկ խմբակի կողմից ԱԺ նախագահ հռչակված անձի հրճվանքը, երբ օրերս նա լրագրողների բարձրախոսների առաջ հայ ժողովրդին ասում էր, որ Հայաստանն այս պահին Արցախի խնդիր չունի․ «Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի, Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը մեջը։ Սա ութ անգամ ասել ենք վերջին մեկ տարվա ընթացքում կամ երկու տարվա ընթացքում»։ Փաստորեն իրենց հանձնարարակաների ցուցակի հերթական տողում այս ազգադավները մեկ նշում էլ ավելացրին (պտիչկա)՝ դասը սովորած աշակերտի հանգստությամբ։

Խաղաղության ավետաբերի անվան տակ ազգակործան այս պատուհասների պարագլուխը իր տիկնոջ բերանով շատ բան է մեզ հասկացրել, թե ինչ ապագա է բերելու մեր գլխին։ Այդպես նաև արցախահայության բռնի տեղահանության ակնարկն էր հատուկ ծիսակարգով այս տիկինը հուշել մեզ, երբ ֆեյսբուքյան անձնական էջում իր երջանիկ դեմքով նկարն էր հրապարակել՝ Ալբերտ Էյնշտեյնի գիրքը ձեռքին, իսկ հագած շապիկին հետևյալ բովանդակությամբ գրառում էր արված․ «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»։ Եվ հիմա հետահայացով հասկանում ենք, որ այս տարվա ամռանը Բրյուսելից արված աննահակոբյանական հրապարակումը ևս մեր գալիքը մեզ հասկացնելու քայլ էր։ Հուլիսին ամուսնու հետ Բյուսել մեկնելուց հետո մինչ 120 հազար արցախցիներ շրջափակման մեջ գոյության, լինելիության կռիվ էին տալիս, նա Եվրոպական երկրից հրապարակմամբ թերևս արցախցիներին դիմելով՝ գուժեց նրանց բռնի տեղահանությունը։ Արդյո՞ք արդեն այն ժամանակ թշնամու հետ նման պայմանավորվածություն կար, և այդ տիկինը գիտեր, որ արցախահայությանը հայրենիքից զրկելը հաշված ամիսների հարց է։ Արդյո՞ք Արցախը հանձնելը Փաշինյան ամուսիններին իշխանության բերելու կարևոր նախապայմաններից մեկը չէր։ Բազմաթիվ խոսուն փաստեր կան դա ապացուցելու համար։

#ԻնչպեսհանձնեցինԱրցախը

Թագուհի Ասլանյան