Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի թեմաների շուրջ (տեսանյութ)
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ի շարունակություն երկու նախարարների միջև ակտիվ քննարկումների՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին՝ ընդգծելով ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված հայ-շվեդական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ երկուստեք կարևորելով Եվրոպական միության հետ մոտարկման միջոցով ՀՀ քաղաքացիների և հասարակության համար շոշափելի արդյունքների ապահովումը։
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով ընձեռնվող հնարավորությունները՝ կարևորելով դրա կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների գործուն ներգրավածությունը, ներդրումների խրախուսումը։