Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաև պարզվեց, ՌԴ-ում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների Ռուսաստանի որոշ շրջանակներ լրջագույնս մտահոգվել են այն հարցով, որ մի շարք հայ իշխանավորներ ու գործարարներ, ունենալով մեծ բիզնեսներ Ռուսաստանում, զբաղված են հակառուսական ակտիվ քարոզչությամբ: Այդպիսի ամենակարկառուն դեմքերից մեկը Գագիկ Մելքոնյանն է` ՔՊ-ական պատգամավոր, որը նախկին իշխանությունների` Ռոբերտ Քոչարյանի օրոք, դարձել էր գեներալ-լեյտենանտ:

Սույն «բարձր ինտելեկտուալ» ռազմաքաղաքական կերպարը ունի բազմաթիվ բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաև պարզվեց, ՌԴ-ում: Մասնավորապես` Գագիկ Մելքոնյանը փաստացի տիրապետում է Կրասնոդարի մարզում Սև ծովի մերձափնյա տարածքում երկու հյուրանոցի, որոնց տիրություն է անում իր որդին: Նշենք, որ հյուրանոցները մեծ եկամտաբերությամբ են աշխատում: Այսինքն ստացվում է, որ Գագիկ Մելքոնյանը ռուսների դեմ աշխատելով՝ թքում է նույն ամանի մեջ, որից սնվում է:

Մյուս կողմից Գագիկ Մելքոնյանը, բնականաբար, միայն այդ աղբյուրից չէ, որ ստանում է իր ֆինանսական եկամուտները: Հայաստանում նա ունի բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում` ինչքան էլ զարմանալի է կրթական ոլորտում: Հենց իրեն պատկանող քոլեջում օրերս իր թոռը դանակահարել է մեկ այլ քոլեջի սանի: Մի խոսքով, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Իհարկե, ճիշտ կլիներ, եթե Նիկոլի հակակոռուպցիոն պայքարիստները պատասխան տային, թե որտեղից Գագիկ Մելքոնյանին այսքան մեծ հարստություն, եթե նա կյանքի մեծ մասը եղել է պետական աշխատանքի` բանակի համակարգում: Եվ արդյո՞ք, երբ Նիկոլը ղժղժում է, թե հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների առաջին շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը:

Ի դեպ, հարց է ծագում, ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Մելքոնյանը, չունենալով որևէ զինվորական կրթություն ու կիսատ-պռատ ավարտելով Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտը, 1990 թվականից հայտնվեց բանակում, որտեղից դուրս շպրտվեց միայն 2008 թ.-ին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում