«Զանգ» շարժման անդամներին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանությունը Երևանի Արամի փողոցից բերման է ենթարկել իրազեկման ակցիա իրականացնող «Զանգ» շարժման անդամներից մի քանիսին։

Քաղաքացիները վրանը բացած իրազեկման ակցիա էին իրականացնում, մինչդեռ ոստիկանությունը պահանջում էր քայլել իրենց նախանշած ուղղությամբ և դուրս չգալ ճանապարհի երթևեկոլի հատված։ Ակցիայի մասնակիցները չենթարկվեցին պահանջին, ինչից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մի քանի մասնակցի։