Չեխիայում տեղի կունենա երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլը

Չեխիայի արհմիությունների կողմից երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ին նախատեսված գործադուլը կընդգրկի հարյուրավոր ձեռնարկություններ և ֆիրմաներ՝ մոտ 1 միլիոն աշխատողներով, ինչպես նաև դպրոցական հաստատությունների 70 տոկոս անձնակազմով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Չեխա-Մորավյան արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Յոզեֆ Ստրշեդուլան:

«Դատելով մեր ունեցած տեղեկատվությունից՝ նոյեմբերի 27-ին նախատեսված գործադուլը կդառնա Չեխիայում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիան, որին մտադիր են մասնակցել ձեռնարկությունների և ֆիրմաների շուրջ 1 մլն աշխատակից, ինչպես նաև տարրական և միջնակարգ դպրոցների անձնակազմի 70 տոկոսը:

Գործադուլի նպատակն է ստիպել Հանրապետության կառավարությանը մտածել այն մասին, թե ինչ է կատարվում հասարակության մեջ։ Եթե նրանք (նախարարները) կարծում են, որ նման ակցիայից կարելի է ազատվել, ասես չնկատել այն, ապա այդ դեպքում հասարակության տրամադրությունը կարող է ավելի վատանալ»,- ասել է նա։

Ստրշեդուլայի խոսքով՝ բոլորի համար ավելի լավ կլիներ, եթե նման ակցիաների անհրաժեշտություն չլիներ։ «Բայց իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ վրդովված են ստեղծված իրավիճակից, նրանք կարծում են, որ իշխանությունները չեն լսում իրենց, ուստի հարյուր հազարավոր աշխատողներ պատրաստ են աջակցել մեր բողոքին»,- նշել է նա:

Արհմիությունների հիմնական վրդովմունքը խորհրդարանի կողմից վերջերս հաստատված և նախագահի կողմից ստորագրված պետական ֆինանսների բարելավմանն ուղղված միջոցառումների կառավարական փաթեթն է, որը ներառում է պետական սուբսիդիաների կրճատում, մի շարք հարկային արտոնությունների վերացում, որոշ տեսակի ապրանքների և ծառայությունների ԱԱՀ-ի բարձրացում, կենսաթոշակների վճարման պայմանների փոփոխություններ և այլ կոշտ միջոցներ։

Արհմիությունների և ընդդիմության կարծիքով՝ բարեփոխումները կհանգեցնեն գնաճի բարձրացմանը, բացասաբար կանդրադառնան տնտեսության աճի վրա, կնվազեցնեն քաղաքացիների կենսամակարդակը։