Ռուսաստանում տղամարդը մահվան կեղծ տեղեկանք է գնել՝ պատերազմ չմեկնելու համար

Ուլան-Ուդեի զինվորական դատարանը Բուրյաթիայի բնակիչ Զորիգտո Արաբժաևին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ մեղավոր ճանաչելով մոբիլիզացիայի ընթացքում դասալքության հոդվածով։ Այս մասին գրում է meduza.io-ն:

Դատարանը ապացուցված է համարել, որ 2022 թվականի նոյեմբերին ռուսական բանակ մոբիլիզացված Արաբժաևը 4 ամիս անց անձնական պատճառներով արձակուրդ է վերցրել և ժամանակին չի վերադարձել զորամաս։
Մոբիլիզացված տղամարդը, ըստ դատավճռի, իր որոշումը բացատրել է այսպես. կինը մի քանի անգամ ասել է, որ վախենում է իր կյանքի համար և սպառնացել է ինքնասպան լինել։ Ամբաստանյալի կինն իր հերթին ասել է, որ «ընկճված վիճակում է եղել, ունեցել է ինքնասպանության մտքեր»:
Կնոջ այդ պահվածքի պատճառով Արաբժաևը արձակուրդի ավարտից հետո չի վերադարձել զորամաս և գնել է իր մահվան կեղծ վկայականը։

Ապրիլի վերջին, երբ ռազմական ոստիկանությունը եկել է մոբիլիզացվածի տուն, նրա որդին ներկայացրել է կեղծ փաստաթուղթը։ Կեղծ փաստաթղթի լուսանկարն ուղարկվել է նաև զորամաս։ Փաստաթղթում ասվում էր, որ Զորիգտո Արաբժաևը մահացել է 2023 թվականի մարտի 7-ին Իրկուտսկում։ Տեղեկանքը նման է եղել պաշտոնական ձևաթղթի. այն «տրվել է» շրջանի ՔԿԱԳ-ի կողմից և կրել է վարչության պետի ստորագրությունը։ Սակայն իրականում նման տեղեկանք չի տրվել, հայտնել են ՔԿԱԳ-ից։

Արաբժաևը մայիսի 4-ին բերման է ենթարկվել։ Ամբաստանյալն ընդունել է մեղքը: