«Հասունացել է ազգերի ինքնորոշման իրավունքին լուրջ անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը». Սերժ Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնի է, պետական դավաճանություն կատարելով, Պրահայում, Բրյուսելում և այլուր, ինչպես նաև մամուլի ասուլիսում  պաշտոնապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետրով, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանում գտնվող «ադրբեջանական անկլավները» (Տավուշի և Արարատի մարզի հայտնի գյուղերը):

Իսկ ինչպիսի՞ն էր Արցախի Հանրապետության առնչությամբ Հայաստանի նախկին ղեկավարի՝ հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իրավաքաղաքական մոտեցումը: Այսօր հասարակության մի մասը երևի չկարողանա պատասխանել այս հարցին, ոմանք գուցե ինչ- որ բան հորինեն և ասեն, ոմանք էլ ազնվորեն խոստովանեն, որ մոռացել են:

Հատված 2008թ. սեպտեմբերի 25- ին ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովի 63- րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից.

«Հասունացել է ազգերի ինքնորոշման իրավունքին լուրջ անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը:

Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրաքանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով: Բայց նաև տեսնում ենք, որ ավելի ու ավելի հաճախ հենց դա է դառնում առկա հակամարտությունների կարգավորման ելքը: Մինչդեռ, երբ ժողովուրդը, այնուամենայնիվ, հասնում է իր անքակտելի իրավունքի իրականացմանը, բոլորը միաձայն սկսում են տվյալ դեպքը բացառություն կոչել:

Իհարկե, արդյունավետ և կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը: Դա է պատճառը, որ մենք շարունակում ենք ակտիվ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ձգտելով հասնել այդ երկրի կողմից գրեթե երկու տասնամյակ փաստացի անկախ պետության կարգավիճակով ապրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:

Օրինական ճանապարհով ինքնորոշման իր ձգտումը հռչակած Ղարաբաղի ժողովրդին պարտադրվեց դաժան պատերազմ: Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած էր բնաջնջման վտանգի առաջ: Այն ժամանակ դա ընդամենն ինքնավար մարզ էր, որը չուներ ոչ կանոնավոր բանակ, ոչ զենք ու զինամթերք, ոչ Ադրբեջանի տարածքներ գրավելու ցանկություն, և ոչ էլ այդպիսի կարողություն: Համարում եմ, որ ազնվազն արդար չէ այդպիսի պատերազմում իր գոյության իրավունքը պաշտպանած ժողովրդին «օկուպանտ» անվանել: Այնինչ Ադրբեջանը դա է անում՝ օգտագործելով նաև այս բարձր ամբիոնը:

Իմ երկրում պատանիները և աղջիկները դեռ դպրոցական նստարանից գիտեն ինչ բան է Միավորված ազգերի կազմակերպություն: Այդ երեխաները՝ իմ երկրի և երկիր մոլորակի վաղվա առաջնորդները, միգուցե դեռ խորը պատկերացումներ չունեն ՄԱԿ- ի կանոնադրության մասին, բայց նրանք գիտեն, որ կազմակերպությունը ստեղծվել է մարդկության խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու, ազգերի միջև բարեկամություն սերմանելու, համագործակցաբար միջազգային խնդիրները լուծելու և մարդու իրավունքները պաշտպանելու նպատակով:

Իմ երկրի դպրոցականները հավատ ունեն ՄԱԿ- ի հանդեպ, քանի որ նրանց պատկերացմամբ դա նախ և առաջ մի շենք է, որի դիմաց կապված փողով ատրճանակի արձան է դրված:

Ամիսներ առաջ այս շենքի պատերից ներս, քվեարկությանը մասնակցած 146 երկրներից ընդամենը 39- ի «կողմ» ձայնով մի բանաձև ընդունվեց, որը որոշակի առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի դրվագներից մեկի հետ:

Խոր արմատներ ունեցող, ցավալի և արյունոտ զարգացումներ ապրած, խաղաղ հանգուցալուծմանը միտված մեծածավալ ջանքեր ստացած, բարդ և զգայուն հիմնախնդրին առնչվող որոշում կայացվեց հենց այնպես, մեծամասամբ կողմերից մեկին զորակցելու շահադրդմամբ: Իսկ արդյունքը շատ և շատ կանխատեսելի էր՝ պատերազմի հռետորության նոր ալիք Ադրբեջանում, կեղծ դափնիներ՝ քաղաքական շահարկումներում և այլն:

Բայց մի՞ թե իրականում այս որոշումն արջի ծառայություն չէր հենց նույն Ադրբեջանին: Հուսով եմ, որ Ադրբեջանի իրական շահն էլ ոչ թե խնդրի առանձին հատվածների վերաբերյալ տարաբնույթ միջազգային բնորոշումներն են, այլ խաղաղ և համալիր հանգուցալուծումը: Ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շահն է դա:

Հենց դրան է ուղղված Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող հայտնի գործընթացը, և, կարծում եմ, որ հենց այդ գիտակցությամբ էր, որ ՄԱԿ- ի անդամ երկրների շուրջ 4/5- ը չպաշտպանեց բանաձևը: Տեսե՛ք, ինչպես քվեարկեցին ԱՄՆ- ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի և նրա հանգուցալուծման գործընթացի վերաբերյալ թերևս ամենատեղեկացված երկրները:

Մի՞ թե անպայման էլի արյուն պիտի հոսի՝ հասկանալու համար, որ սառեցված հակամարտությունները մասնագիտական և իրազեկ վերաբերմունքի կարիք են զգում, և որ դրանք չեն կարող հանգուցալուծվել տարբեր համաժողովներում քվեարկություններ կազմակերպելով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք կարգավորման լուրջ ճանապարհ ենք արդեն անցել. մի՞ թե հնարավոր չէ գոնե նոր խոչընդոտներ չստեղծել այդ գործընթացի համար, մի՞ թե բոլորիս նպատակը չէ, որ հայ և ադրբեջանցի մանուկների համար էլ տարածաշրջանում հառնի կապված փողով ատրճանակի խորհրդանշական արձանը: Հավատացնում եմ ձեզ՝ այդ մանուկներն արժանի են դրան»:

 

Արշակ Մանուկյան