Հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ այսօրվա դրությամբ իրատեսական չէ. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ քննարկվում է, այդ թվում՝ միջազգային հարթակներում, սակայն այսօրվա դրությամբ այդ վերադարձն իրատեսական չէ։ Այս մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի հարցերին։

Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակը, որը ստիպեց հայերին լքել Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև էթնիկ զտումների քաղաքականությունը չեն փոխվել։ Նրա խոսքով, եթե այդ մարդկանց վերադարձն այսօր իրատեսական լիներ, նրանք չէին լքի Լեռնային Ղարաբաղը. «Եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը հնարավորություն չունենան վերադառնալ իրենց տները, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք մնան Հայաստանում և չարտագաղթեն մեր երկրից»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա հիշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո Հայաստանից ղարաբաղցի հայերի շատ մեծ արտահոսք է նկատվել, սակայն հետո հետհոսք է արձանագրվել։ Միաժամանակ, Փաշինյանը գոհունակությամբ նշեց, որ այսօր ղարաբաղցիների շրջանում արտագաղթի էական միտումներ չկան։

Փաշինյանը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շուտով կդիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և լիովին կինտեգրվեն երկրի կյանքին, եթե չունենան օբյեկտիվ հնարավորություններ և ցանկություն՝ վերադառնալու  Լեռնային Ղարաբաղ։