Սամվել Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բացահայտել է մի շարք իրողություններ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկն իրավասու չէր ստանալու։ Ես հիմա հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչի չէր ցանկանում, որ Արցախի նախագահի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը դառնա իրողություն»,- ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով, որ խոսքը հետպատերազմյան իրադարձությունների մասին է, քանի որ 44-օրյա պատերազմը միայն դրանով չի ավարտվում, պատերազմից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են 44–օրյա պատերազմի օրերի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածի հետ։

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այժմ օժտված է սահմանադրական լիազորություններով։ Քոչարյանը կարծում է, որ սա ճիշտ որոշում է, որը թույլ է տալիս նման հարթակն օգտագործել որոշակի քաղաքական իրողություններ արձանագրելու համար, որոնք տեսանելի չէին լինի առանց հանձնաժողովի գոյության։