«Հայաստանի ընդդիմությունը դիմել էր Ռուսաստանին՝ խնդրելով ինչ-որ կերպ աջակցել իրենց». Կոնստանտին Զատուլին

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։

Զատուլինը, մասնավորապես, հայտարարել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմել էր Ռուսաստանին և խնդրել ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց, սակայն ռուսական կողմը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, կարող է հրաժարվել 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։

«Մոսկվան կարծում էր՝ փաստաթղթից հրաժարվելը կարող է նոր պատերազմ հրահրել, չէր ցանկանա խառնվել դրա մեջ։ Մենք ասացինք՝ ոչ մի կերպ։ Եթե ​​Փաշինյանը ստորագրել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս հայտարարությունը։ Եթե ​​նա պաշտոնանկ արվի, նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մենք կներգրավվենք, մեզ կներքաշեն, իսկ մենք չենք ուզում, մենք մեր գործերն ունենք․ այնպես որ, ձեռք մի տվեք նրան», – պատմել է Զատուլինը։

Զատուլինը նաև հավելել է, որ «Այսօր ԼՂ-ում ոչ մի հայ չկա, հարյուր հազար մարդ հետ է քաշվել ու գնացել։ Այս տեղահանությունն իրականացվել է Ադրբեջանի գործողությունների ազդեցության տակ, որի հետ մենք չենք վիճել այս հարցում՝ ստանձնելով խաղաղապահ գործառույթներ»։

Քաղաքական գործիչը քննադատել է նաև ՀԱՊԿ-ին, որը ժամանակին չարձագանքեց 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացրեց Հայաստանի դեմ։

«Պետք էր անհապաղ արձագանքել, գոնե կոչ անել, հրապարակային հայտարարել և այլն։ Արձագանքն ուշացավ։ Ու դրանից օգտվեց Փաշինյանը։ Նա շատ խելացի մանիպուլյացիա է անում, նա մանիպուլյատոր է։ Դա միակ բանն է, որ նա կարողանում է անել և անում է։ Ու պետք է ասել, որ բուն Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահությունը նվազում է, որովհետև առավոտից երեկո մարդկանց ուղեղները լվանում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ»,- ասել է նա։