Փաշինյանը խոստովանել է, որ Սերժ Սարգսյանի ժամանակ քաղբանտարկյալներ չեն եղել

Օրվա ռեժիմի օրոք Հայաստանը վերածվել է բռնապետության, որտեղ իրենց ժողովրդավարության բաստիոն համարող իշխանությունների ապազգային, թրքահաճո գործունեության մասին բարձրաձայնող, նրանց իշխանությունից հեռացնելու, ասել է թե՝ հայրենիքն ազատագրելու մասին մտածող ու արտահայտվող, հայրենասեր ու նվիրյալ հասարակական, քաղաքական գործիչները, մտավորականները, իշխանությունների ամենաթողությունը չհանդուրժողները վերածվել են քաղբանտարկյալների։ Օրեցօր նրանց շարքերը խտանում են և արդեն իսկ հայաստանյան կալանավայրերում տեղի սղության խնդիր է առաջացել։ 2020 թվականին Փաշինյան Նիկոլը բարձր ամբիոնից գլուխ էր գովում, թե Հայաստանում երբեք այսքան քիչ բանտարկյալ չի եղել։ Իսկ թշնամուն հայկական հողերը դավադիր պայմանավորվածությամբ հանձնելուց հետո նա իսկական վհուկների որս սկսեց՝ ճաղերի այն կողմ ուղարկելով բոլոր նրանց, ովքեր համարձակություն ունեցան խոսել այդ դավադրության մասին, բողոքել թրքահաճքո իշխանությունների ծրագրերից ու վարած քաղաքականությունից, պարտված իշխանությունների հեռանալը պահանջել։ Հենց այդ ժամանակ Փաշինյանը ցինիկորեն նույն ամբիոնից հայտարարեց, որ նման մարդկանց սպասում են բազմաթիվ ազատ մենախցերը։ Եվ իսկապես, այսօր բանտերը լցված են Փաշինյանի քաղաքական ընդդիմադիրներով․ Հայաստանում իսկական քաղաքական, ավելի ճիշտ՝ ազգային բռնաճնշումներ են, քանի որ քաղաքական բանտարկյալներն իրականում մեր ազգային շահերի համար են պայքարում, մեր պետության, ազգի ու պետականության մտահոգության համար են հայտնվել ճաղավանդակների հետևում, որը նոր շրջանառության մեջ մտած բռնության կոչերի և իշխանություններին վիրավորելու համար հոդվածով, որն իր դեմ նախկին ինչ-ինչ «զանցանքների» համար հարուցված քրեական գործերով։ Եվ նկատենք, որ բոլոր դեպքերում իշխանություններին ծառայող ու նրանց հլու կամակատար դատավորները կալանավորման որոշումներ են կայացնում՝ չնայած հենց այս իշխանությունների օրոք եվրոպական կառույցների պարտադրմամբ Հայաստանը դատական համակարգում խափանման այլ միջոցների կիրառման գործիքակազմ մտցրեց, որը սակայն շատ բացառիկ դեպքերում է կիրառում՝ տնային կալանքը, գրավով կամ երաշխավորությամբ ազատ արձակելը և այլ միջոցներ։ Իսկ կալանավորումն էլ մեր «դեմոկրատ» իշխանությունների օրոք ոչ թե խափանման միջոց է որպես կիրառվում, այլ իսկական պատժամիջոց․ կալանավորման որոշումները հիմնականում հիմնավորված չեն լինում, կալանավորման ժամկետները միտումնավոր երկարացնում են՝ իբրև թե գործի քննության ձգձգման պատճառով, կալանավայրում գտնվողներին զրկում են անգամ հարազատների, սեփական զավակների հետ տեսակցություններից․․․

Ի դեպ, շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ-ի հրավերով Երևան էին ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները՝ ավելի քան 300 պատգամավոր՝ այստեղ մասնակցելու աշնանային արտագնա նիստին։ Մեզ համար վաղուց այլևս զարմանալի չէ, որ նման կառույցների ներկայացուցիչները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հետևողականորեն փորձում են հետխորհրդային պետությունները, այդ թվում Հայաստանը «ժողովրդավարական օրինակելի պետություն» դարձնել, այսօր ողջունում են թե Հայաստանի ու Ացախի Հանրապետությունների հանդեպ մեր ոխերիմ թշնամու, թե ՀՀ-ի ներսում Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած խմբակի կողմից իրականացվող ամենաթողությունը, ինչը իրենց քարոզած ժողովրդավարության բարբարոսաբար բռնաբարման ցայտուն օրինակ է։ Եվ այս անգամ էլ նրանք ժամանել էին այստեղ՝ բռնարար խմբակին հերթական անգամ թև տալու իրենց անօրինականությունները գործելու հարցում, քանի որ այդ ժողովրդավարության բարի քարոզիչները, որոնք իրականում միայն այդ դիմակով են ներկայանում, Հայաստանի հետ կապված իրենց շահեկան ծրագրերն ունեն, իսկ այդ ծրագրերի բովանդակությունն ամենևին մարդասիրությունը, մյուս մարդկանց ու ժողովուրդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները չեն։ Ճիշտ հակառակը։ Դե եկ ու նման մտադրություններ ունեցող՝ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ եվրայոնջաներին (իսկ Զոհրաբյանը ընդդիմություն խաղացող Փաշինյանին է ցիտում) բացատրիր, որ Հայաստանն այսօր շեղվել է ժողովրդավարության իրենց իբրև նախանշած ճանապարհից և վերածվել համատարած բանտի, որտեղ ազատ մտածող քաղաքացիների գլխին մուրճ են թափահարում։

Ի դատական նիստերից մեկի ավարտից հետո՝ հոկտեմբերի 7-ին, պատասխանելով լրագրողի հարցին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս դիպուկ արտահայտվել է, որ իրականում Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի, հակառալ դեպքում մարդիկ իրենց ասածների համար բանտերում չէին հայտնվի՝ ակնհայտ շինծու գործերով. «… ձեր կարծիքով Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Եթե ժողովրդավարությունն այդպիսին  է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածի 150 000-ն ուղղակի արտաքսվել է, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այսօրվա իշխանության մաս կազմող երբեմնի ընդդիմադիր հորջորջվածները, որոնք, ինչպես պարզվեց, իրականում ադրբեջանաթուրքական գործակալներ էին Հայաստանում, երկրի նախագահին մեղադրում էին բռնապետության, հակաժողովրդավարական քաղաքականության մեջ, այն նախագահին, որի օրոք իրենք կարողացան ազատորեն բույն դնել մեր երկրում ու ներսից քանդել երկրի հիմքերը: Հիմա թերևս հասկանալով այդ ժողովրդավարական մեծահոգության ողբերգական հետևանքները՝ բոլորս հետահայաց կոչ կանեինք, կհորդորեինք երրորդ նախագահին՝ անհանդուրժող լինել ժողովրդավարության գունավոր ծխով Հայաստանը ծխախեղդ անող ընդդիմադիր թույլ տվեք ասել «շայկայի» հանդեպ՝ կանխելու մեզ սպառնացող հնարավոր վտանգը: Միայն թե պատմությունը ենթադրական եղանակ չունի, և այսօր ունենք այն, ինչ ունենք՝ դժբախտություն, մահ, ավեր, կորուստներ, արդեն օրինականացված թալան, արտագաղթ, պետականության ու ընդհանրապես հայրենիքի կորստի հստակ կազմված ծրագիր, դավադիր ու ոսոխի հետ համագործակցող իշխանություններ:

Դավիթ Սանասարյանի ականջը կանչի: Հասկանալի է, թե ինչու է այսօր նա պապանձվել, որովհետև իր բոլոր լավատեսական կանխատեսումները իր սիրելի իշխանությունները ի չիք դարձրին: Հիշո՞ւմ եք, թուրքադրբեջանական հեղափոխության ժամանակ նա Ազատության հրապարակում համերաշխություն հայտնելով «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»  նշանաբանով նստացույց անողներին՝ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու, անգամ Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալ չի լինելու: Թե՞ այսօր նա ևս ինքնախաբեությամբ է զբաղված, թե ազատ խոսքի ու կամարտահայտման, երկրի կորուստի գործում մասնակցություն ունեցողների դեմ պայքարի համար կալանավորվածներն իրականում քաղբանտարկյալներ չեն, որ, օրինակ նիհարակազմ, փոքրամարմին Տաթև Վիրաբյանի թեթև ապտակը հսկայամարմին ոստիկանին բռնության կիրառում է եղել, որ Արմեն Աշոտյանը ինչ-որ զանցանք է կատարել բժշկական համալսարանում, որի համար նրան հինգ ամսով կալանավորել են, որ Արագած Ախոյանին ֆեյսբուքյան էջում գրած «սատկացնել» բառի համար մեկուսացրել են հասարակությունից, քանի որ նա հանկարծ շատ վտանգավոր դարձավ այդ հասարակության համար, որ Նարեկ Մալյանի խոսքը մարդիկ կարող էին իրոք սխալ ընկալել ու վազել բռնություն կիրառել իշխանությունների ու նրանց հարազատների նկատմամբ: Նման զավեշտալի օրինակները կարելի է թվել ու թվել: Ակնհայտ է՝ այս մարդկանց մեկուսացնելու իրական դրդապատճառները որոնք են: Հակառակ դեպքում իրավապահ համակարգը նույնքան հետևողականությամբ կկալանավորեր նաև իշխանության ներկայացուցիչներին՝ ընդհուպ մինչև իրենց ղեկավարը, որոնք չեն վարանում աջուձախ սպառնալիքներ հնչեցնել իրենց ընդդիմախոսների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հասցեին, նրանց աչքերը հանելու, ականջները կտրելու, մուրճով գլխներին տալու, «բորդյուրներ կերցնելու», «ասֆալտներ լիզելու» կոչեր անել՝ շարունակելով պաշտոնավարել:

Ըստ ԵԽԽՎ սահմանման՝ քաղբանտարկյալներ են համարվում այն անձինք, որոնք ազատազրկվել են «ակնհայտ քաղաքական պատճառներով` առանց որևէ իրավախախտում կատարելու»: 2012 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 1900 բանաձևով տվեց քաղաքական բանտարկյալների շատ ավելի կոշտ սահմանում, համաձայն որի՝ անձնական ազատությունից զրկված անձը պետք է դիտարկվի որպես քաղաքական բանտարկյալ, եթե կալանավորումը կատարվել է մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ, եթե խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մասնավորապես՝ հավաքների ազատության իրավունքը, եթե տվյալ անձը կալանավորվել է զուտ քաղաքական հայացքների համար՝ առանց հանցանքի կապի և այլն: Ուսումնասիրեք այսօր այս իշխանությոնների ընդդիմախոսների կալանքի գործերը և կտեսնեք, որ բոլորն էլ այս սահմանմամբ քաղաքական բանտարկյալներ են՝ ոչ ավելին:

Իսկ հիմա փոքր պատմական էքսկուրս կատարենք դեպի ոչ այնքան վաղ անցյալ, երբ Հայաստանում թուրքադրբեջանական հովանու ներքո գործող տարատեսակ իրավապաշտպան, խոսքի ազատության կառույցները ի լուր քաղաքակիրթ աշխարհի կոկորդ էին պատռում, թե Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալներ զրկված են ազատությունից, իսկ նախկին ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, նրանք բռնապետություն էին որակում, միջազգային կառույցներից քննադատական գնահատականներ մուրում: Ովքե՞ր էին Նիկոլի ասած հին Հայաստանում քաղբանտարկյալ կոչվում՝ Շանթ Հարությունյա՞նը, որն իմ՝ այս տողերի հեղինակի աչքի առաջ պայթուցիկը գցեց փողոցով երթևեկող պատահական մեքենայի անիվների տակ՝ վտանգելով թե վարորդի, թե մոտակայքում գտնվող անցորդների կյանքը, ՊՊԾ գունը գրաված «Սասնա Ծռե՞րը», որոնք իրենց օգնության վազած բուժանձնակազմին էին պատանդառել, որոնք մարդկային զոհերի պատճառ ու մեղավոր դարձան, որոնք սպանում էին երկրի անվտանգությանը, Նիկոլ Փաշինյա՞նը, որի բանտում հավերժ մնալու երազանքով է ապրում այսօր հայրենազրկված և հայրենազրկության վտանգով ապրող մի ողջ ժողովուրդ՝ Արցախից բռնի տեղահանված, ՀՀ-ում անորոշության ու վախի մեջ ապրող, Սփյուռքում պատմական հայրենիքի կորստի վախով ապրող: Ակնհայտ է չէ՞ երեկվա քաղաքական բանտարկյալի պիտակըն ստացած թուրքադրբեջանական կամ արևմտյան գործակալների, Հայաստանի Հանրապետության ճակատագիրն իրենց համար փողի աղբյուր դարձրած, մեր թշնամու հետ անմիջական կապի մեջ գտնվող և նրա հետ Հայաստանի հանդեպ դավադրություններ մտմտող ազատազրկվածների և այսօրվա՝ երկրի ինքնիշխանության ցավով ապրող քաղաքական բանտարկյալների տարբերությունը: Այո, նախկինում նրանք քաղաքական բանտարկյալներ էին գուցե, բայց մեր երկու պետությունների կործանումը տենչող երկրների քաղաքական բանտարկյալներ էին, իսկ մեզ համար նրանք կոլաբորացիոնիստներ էին, որոնք այստեղ թշնամու շահերն էին ներկայացնում: Ի դեպ, անձամբ Փաշինյանն իրեն քաղաքական բանտարկյալ չի էլ համարել: 2018 թվականին, երբ մեկնարկեց իր աստեղային ժամը և նա միմոսությամբ էր զբաղված իր ուղիղ եթերներում, լրագրողի հարցին, թե նա Սերժ Սարգսյանին բռնապետ համարո՞ւմ է, պատասխանել է. «Սերժ Սարգսյանն իշխանությանը ապօրինի գտնվող մարդ է: Ես իրեն բռնապետ չեմ անվանի, որովհետև Սերժ Սարգսյանն այնքան չկա, որ ինձ բռնաճնշումների ենթարկի, եթե նա բռնակալն է, ես էլ բռնակալվա՞ծն եմ: Ես ինձ միշտ լիարժեք եմ զգացել, որպես քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ, այդ թվում նաև՝ բանտում»: Այսինքն՝ Փաշինյան Նիկոլը խոստովանել է, որ իր հանդեպ երբեք բռնաճնշումներ չեն կիրառվել, հակառակը՝ նա եղել է պաշտպանված իր ժողովրդավարական տերերի հովանոցով և Հայաստանի Հանրապետությունում երկրի պետականության հիմքերը քայքայող գործունեություն ծավալել: Դրանով ՀՀ իշխանությունը զավթած խմբակի պարագլուխը փաստել է, որ Սերժ Սարգսյանի ժամանակ ժողովրդավարություն կոչվածը տեղ է ունեցել մեր երկրում….

Թագուհի Ասլանյան