Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել Խաղաղության համաձայնագրի 6-րդ տարբերակը. ԱԳՆ

Հայաստանն ադրբեջանական կողմին է ներկայացրել Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը։

«Հետևելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը՝ ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,-ասված է  նախարարության X-ի միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքներով: Այդ համաձայնություններն արձանագրված են եռակողմ հանդիպումների արդյունքներով՝ Շառլ Միշելի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ»։