Գրիգորի Խաչատուրովը նոյեմբերի 27-ին կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի․ Միհրան Պողոսյան

Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը։

«Սեպտեմբերի 20-ին ունենք Վերաքննիչ քրեական դատարանի որոշում, որով արձանագրվել է, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր, ծանրակշիռ հանգամանքներ։ Ընդ որում, դատարանն արձանագրել է, որ ծանրակշիռ հանգամանքներ չկան, այսինքն՝ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 4-ին այդ դատական ակտը ներկայացնում են դատարանին, սակայն դատարանը որոշում է կրկին երկարացնել կալանքի ժամկետը՝ ևս երկու ժամկետով։

Փաստաբանները բողոքարկել են այս որոշումը, բողոքը մակագրվել է այն դատավորին, որն ասել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ․ «Հիմա, եթե դատավոր Հովաննիսյանը իրավական որոշումներ հայտնի, հետո այդ դիրքորոշումները վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ դիրքորոշումներից, էլ ինչի՞ համար է զբաղվում իրավաբանությամբ»։