Արցախցի երեխաների համար մեկնարկում է «Թևեր» ծրագիրը

Արցախից բռնի տեղահանված երեխաների վերականգնման, սոցիալական ադապտացման ու նոր հմտությունների ձևավորման նպատակով մեկնարկել է  «Թևեր» ծրագիրը, որն իրականացվում է IDeA պլատֆորմի, «Մենք ենք մեր սարերը» գործակալության և Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից:

«Դեռ Արցախում  «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը  բազմաթիվ  ծրագրեր է իրականացրել՝ մեղմելու երկարատև շրջափակման հումանիտար հետևանքները Արցախի բնակչության համար: Հավատարիմ մնալով իր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի կողմից նախանշված առաքելությանն ու սկզբունքներին և կարևորելով հատկապես արցախցի երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության  վերականգնումը շրջափակման և բռնի տեղահանման փորձություններից հետո, գործակալությունն սկսել է «Թևեր»  ծրագիրը՝  մեր երխաներին  և նրանց  ծնողներին «թևեր տալու» նպատակով: Հուսով ենք, այն կօգնի  նրանց հաղթահարել դժվարությունները և լավատեսությամբ լցվել ապագայի հանդեպ»,- ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը:

Ծրագիրը նախատեսված է 4-18 տարեկան  արցախցի երեխաների համար։ Առաջին փուլում ընդգրկված է Դիլիջանում բնակվող շուրջ 50 երեխա: Նախատեսվում է, որ ծրագիրն իրականացվելու է հանրապետության բոլոր մարզերում:

Յուրաքանչյուր խմբի համար վեց շաբաթ տևող ծրագիրն ուղղված է տարբեր մարզաձևերի ու թերապիաների  (լող, ֆուտբոլ, արտթերապիա և այլ) միջոցով  ֆիզիկական և  հոգեբանական ուժերի վերականգնմանը՝  4-18 տարեկան երեխաների համար և մտավոր ներուժի զարգացմանը (առաջնորդական և ձեռնարկատիրական հմտությունների ձևավորում)՝  12-18  տարեկան երեխաների համար:

Ծրագրում ներգրավված բարձրակարգ մասնագետները երեխաներին կօգնեն հաղթահարել տրավմատիկ իրողության հետևանքները,  արագ հաստատել նոր սոցիալական կապեր, հարմարվել նոր վայրին և լիարժեք կյանք վերադառնալ: