Ինչի՞ համար է ՄԱԿ-ը, եթե չեք կարող դադարեցնել Գազայի արյունահեղությունը․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված։

«ՌԻԱ Նավոստի»-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ ղեկավար  Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու համար, սակայն եթե այն չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա  հարցեր են առաջանում կազմակերպության օգտակարության վերաբերյալ։

Նրա համոզմամբ՝  Գազայի հատվածում ճգնաժամը  լուրջ փորձություն է աշխարհում խաղաղությունն ամրապնդելու համար ստեղծված կազմակերպության՝ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների համար:

«Եթե դուք, որպես ՄԱԿ-ի անդամ երկրներ, չեք ցանկանում կամ չեք կարող դադարեցնել այս  արյունահեղությունը, ապա պետք է հարցնենք՝ ինչի՞ համար է ՄԱԿ-ը»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ Գազայի ճգնաժամը նաև  ՄԱԿ-ի և մարդկության համար է ճգնաժամ, ուստի միայն բանակցությունները, բանաձևերը և հայտարարությունները բավարար չեն: