Նրանք զրկված են ազատությունից իշխանության քաղաքական հետապնդումների հետեւանքով․ պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի եւ Աննա Գրիգորյանի հետ այսօր այցելել ենք «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, տեսակցել՝ Արագած Ախոյանին եւ Արմեն Աշոտյանին։

Երկուսն էլ զրկված են ազատությունից այս իշխանությունների կողմից վարվող քաղաքական հետապնդումների հետեւանքով։ Զավեշտալի է, որ Ախոյանին կալանավորել են 5 ամիս առաջ արած «բռնության կոչ» պարունակող գրառման համար, Աշոտյանի նկատմամբ փաշինյանական սեւեռվածությունը նոր չէ։

Ընդդիմադիր պատգամավորների կողմից այսպիսի այցերը քրեակատարողական հիմնարկներ գրեթե ամենօրյա բնույթ են կրում, մենք հետեւողական ենք իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ։

Ուրախ եմ արձանագրել, որ այսօր երկու կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի խափանման միջոցը կալանքից փոխվեց երկրից չհեռանալու ստորագրությամբ: Դատարանն այսօր վերացրել է նաեւ արցախցի 19-ամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան