Իսրայելում համահայկական նշանակության ռազմավարական խնդիրներ են ծագել. պետք է կիրառվի հնարավոր ողջ գործիքակազմը

Երուսաղեմի Հայոց պատրիարքության և նրան պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված զարգացումները, իրոք, մտահոգիչ են։

Իրավիճակի հավելյալ բարդացմանը նպաստում է նաև իսրայելապաղեստինյան հակամարտության ներկա սրացումը։

Այնպիսի պայմաններում, երբ Իսրայելի իշխանությունները, Գազայի հատվածում ակնհայտ կերպով խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, չանսալով միջազգային հանրության կոչերը, օգտվում են միջազգային հարաբերությունների և միջազգային իրավակարգի ճգնաժամերից և փորձում ռազմավարական խնդիրներ լուծել, հայ համայնքի հետ կապված այս հարցն էլ կարող են լուծել՝ շրջանցելով օրենքը, պետական մակարդակով կիրառելով ուժ կամ նաև իսրայելահայերի դեմ գեներացնելով երկրում ծայրաստիճան աճած հրեական ազգայնականության ալիքը։

Ի դեպ, նշվածի տարբեր դրսևորումների ականատես ենք ընթացիկ ամսվա սկզբից։

Վերոնշյալի համատեքստում նախ և առաջ հայկական կողմից չհաշվարկված սխալ էր նման խնդրահարույց իրավիճակում այս զգայուն հարցի ակտիվացումը և լարվածության առիթ ստեղծելը՝ «Կովերի պարտեզի» թեման օրակարգ բերելով։ Իսկ արդեն առկա իրողությունների պայմաններում Իսրայելում հակաիրավականության ալիքի տակ չմնալու համար առաջնային խնդիր է թեմայի շուրջ զարգացումներն ամեն կերպ հետաձգելը, այլապես կորուստները, իրոք, անդառնալի կլինեն։

Այս ռազմավարական նպատակի ուղղությամբ հայկական կողմը պետք է ներդնի բոլոր հնարավոր ջանքերը, այդ թվում՝ Թել Ավիվում ՀՀ դեսպանատան գործիքակազմը, քանի որ նաև նման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ էր հիմնավորվում Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման խնդրահարույց որոշումը։ 

Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ