Մաքսիմալ ջանքեր պետք է գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար

Երեկ ԱՄՆ կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը չեն տուժի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի անվտանգային աջակցությունը Ադրբեջանին: Դրանից ժամեր անց ԱՄՆ Սենատում ընդունվեց համապատասխան իրավական ակտ, ընդ որում միաձայն՝ առ այն, որ 907-րդ բանաձևը չի կարող շրջանցվել նախագահի կողմից մինչ 2025թ. և Բաքուն այլևս անվտանգային օգնություն չի ստանալու Վաշինգտոնից:

Իհարկե այդ օգնությունը Ադրբեջանին տրամադրվում էր ոչ թե Հայաստանի և Արցախի դեմ, այլ Իրանի դեմ՝ մասնավորապես Կասպից ծովի սահմանի անվտանգության ապահովման, ինչպես նաև ահաբեկչության և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի համար: Իրականում քիչ թիվ են կազմում այն ապացույցները, որ ադրբեջանցիներն այդ օգնությունն օգտագործել են Հայաստանի դեմ, ինչի իրավունքը Ադրբեջանը չուներ: Սակայն ակնհայտ է, որ հարյուր միլիոնավոր դոլարներ Վաշինգտոնից ստանալով՝ Բաքուն ունենում էր սեփական ազատ ֆինանսական միջոցներ, որոնք բնականաբար օգտագործում էր այլ ուղղություններով:

Ադրբեջանի մասով վարչակազմի և Կոնգրեսի միջև սկզբունքային հակասություններ չկան, սակայն այս իրավիճակը երկար չի տևի և այս ընթացքում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար: Այս ուղղությամբ հայ համայնքն ու կազմակերպությունները շատ ակտիվ աշխատում են:

Միջզգայնագետ Սուրեն Սարգսյան