ՌԴ Դաշնային խորհուրդը տարակուսած է ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցման կապակցությամբ

ՌԴ Դաշնային խորհուրդը տարակուսած է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության կողմից երկրի դպրոցներում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցման կապակցությամբ։ Այս մասին գրել է  ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբիևը։

«Դասագրքերի գնման և փոխանցման նախաձեռնությունը եղել է ՀՀ ԱԺ-ից, և ռուսական կողմը բյուջետային միջոցներ է գտել ավելի քան 50 հազար դասագրքերի գնման և ռուսերեն ուսուցմամբ հայկական դպրոցներին անվճար փոխանցելու համար։ Նոյեմբերի 11-ին Հանրապետություն են առաքվել դասագրքեր, սկսվել է դրանց բաշխումը դպրոցներում, սակայն խնդիրներ են առաջացել։

Պատրվակը դասագրքերի փորձաքննության անհրաժեշտությունն է: Սա տարօրինակ է, քանի որ հայ գործընկերներն իրենք են ուղարկել անհրաժեշտ նյութերի ցանկը: Բիշքեկում ռուսական պատվիրակությունը հարցը բարձրացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ զրույցում»,- գրել է Վորոբիևը իր թելեգրամ-ալիքում՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում խոչընդոտները կվերացվեն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանի դպրոցներին ավելի քան 53 հազար գիրք է նվիրել։