Զոհվածների ծնողներին Եռաբլուրում բռնությամբ բերման ենթարկելու գործով որոշում կայացվեց

2022 թ․ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթվ որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում  չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը /9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։

Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով, քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։

Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով պանթեոն են ուղարկվել․․․ 439 ոստիկան /անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին/։

Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը

1․ Հրաձիգներ են

2․ Հրաձիգ նռնականետորդներ և

3․ Հրաձիգ գնդացրորդներ»,-գրում է փաստաբան։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր առաջին որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Հայկազ Ջոմարդյանին։ Մամուլը գրել էր, որ հենց նրա հրամանով են  կարմիր բերետավորները «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին բերման ենթարկել։