«Պիպետկա» իրենք են ձեռք բերել, բայց առանց մեջի կաթիլների. Սեյրան Օհանյան

Մասնագետներն են որոշում ինչ սպառազինություն ձեռք բերել,  այդ սպառազինության և նրա մասնագետների պատրաստությունը, ընտրությունը և շարք կանգնեցնելը։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ շարք կանգնեցել նշանակում է այն ներդնել մեր գոյություն ունեցող համակարգում, որոշել նրա տեղը նշանակությունը։

Արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, թե նախկին իշխանությունները «պիպետկայով են զենք ստացել»՝ Օհանյանը նշեց. «Այդ խոսույթն այսօրվա իշխանությունների լեքսիկոնում է: Եթե խոսքը գնում է պիպետկային, իրենք էլ պիպետկա են ձեռք բերել՝ առանց մեջի կաթիլների. ռազմական տեխնիկա՝ առանց սպառազինության։ Բայց ուզում եմ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն սկսել է կայանալ զրոյից, ֆիդայական ջոկատներից ձևավորել ենք բանակ, սպառազինություն և ռազմական տեխնիկայի զգալի քանակություն ենք ձեռք բերել մեր գործընկերներից, դրանց մի մասը՝ ձրի, մի մասը հակառակորդից՝ որպես ռազմական ավար»:

Ինչ վերաբերում է այսօր ձեռք բերվող սպառազինությանը՝ Օհանյանն այն դրական է գնահատում։ «Բայց մենք պետք է հասկանանք դրա նպատակները, դերն ու նշանակությունը, դրանց համադրելն այն համակարգերին, որոնք կան այսօր զինված ուժերում, նաև առաջնահերթությունները, որովհետև մենք ձեռք ենք բերում սպառազինություն, որոնք իրենց գաբարիտներով շատ մեծ են, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապված հարցերում»։