Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը

Առաջիկա 6 ամիսներին կսկսվի էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտնել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանը, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Նա նշել է, որ տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների հանդիպում երեք երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորման նախագծի իրականացման վերաբերյալ։ «Մենք հուսով ենք, որ առաջիկա 6 ամիսներին Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կսկսեն էլեկտրաէներգիա փոխանակել»,- ասել է Մեհրաբիանը։

Նա նշել է, որ ուսումնասիրվել են երեք օպտիմալ ուղիներ՝ Վրաստանով, Ադրբեջանով և Թուրքմենստանով։

«Մենք հասել ենք շատ լավ պայմանավորվածության Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, ինչը թույլ կտա կարճ ժամկետում միավորել երեք երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը»,- ասել է նա։