Վրաստանում հաստատել են ֆրանսիական «Բաստիոն»-ների տարանցումը Հայաստան

Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական «Բաստիոն» զրահատեխնիկայի տարանցումը հաստատել է APM Terminals Poti ընկերությունը։
Այս մասին գրել է «Ազատություն ռադիոկայան»-ի վրացական ծառայությունը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին։

«Կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների տակ չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն իրավունք չունի անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցի տակ չեն»,- ասել է Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։

Աղբյուրը նշել է՝ ավելի վաղ Ouest France հրատարակությունը գրել էր՝ «Բաստիոն»-երը սկզբում նախատեսված էին ուղարկել Ուկրաինա, սակայն Կիևը համարել է, որ դրանք չափազանց վատ պաշտպանված են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից։

Վրաստանի պետական գերատեսչությունները ֆրանսիական զենքի մատակարարման վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս։