Ինչո՞ւ են ռուսական երեք ալիքները ցուցադրվում ՀՀ-ում․ ՀՌԱՀ նախագահը պարզաբանել է

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես են ռուսական երեք ալիքները հեռարձակվում հայկական մուլտիպլեքսում  և ինչո՞ւ ՌԴ-ում չի ցուցադրվում Հանրային հեռուստաընկերությունը։

«Չգիտեմ հայկական կողմից ինչու է վրիպել այդ համաձայնագրի լիցենզիան, որը պարզվում է, որ նման իրավական հետադարձ կետ ՌԴ–ում չկա։ Չեմ ուզում ասել, որ մեզ խաբել են, բայց մոլորության մեջ են գցել։ Այս հարցը ԱԳ նախարարների և համապատասխան նախարարությունների լուծման կարիքն ունի»,– ասաց նա։

Հակոբյանը կրկին հիշեցրեց, որ ՀՌՀ-ն դեմ է հայկական մուլտիպլեքսում որևէ օտար ալիքի եթեր հեռարձակմանը, բայց թե ինչո՞ւ ռուսականի հետ միաժամանակ եթեր չի հեռարձակվում նաև ամերիկյան CNN-ը, նա պարզաբանեց․ «2021 թվականին այն հեռարձակվում էր, սակայն երբ փոխվեց տեսալսողական հեռարձակման օրենքը, նոր փոփոխությամբ հեռուստաընկերությունը չէր կարող ունենալ լիցենզիա՝ հեռարձակելու համար։ Եթե ՌԴ-ն նման ցանկություն հայտնել է, և համաձայնագիր է կնքել, ապա ամերիկյան կողմը, որին մենք նույնպես առաջարկեցինք համաձայնագիր, հրաժարվեց կնքել։ Մեզ բացատրեցին, որ կոմերցիոն հեռուստաընկերությունների լոբբինգ չեն անում, և բացատրեցին, որ CNN-ի նման ալիքները այդ կերպ չեն հեռարձակվում»։