Ցուցադրական հակառուսական ժեստ․ Զախարովան՝ ԱԽՔ-ի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի հանդիպման մասին

«Ցուցադրական հակառուսական ժեստ է»,- այսպես է մեկնաբանել ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպմանը։

Հոկտեմբերի վերջին Գրիգորյանը Մալթայում Երմակի հետ էր հանդիպել․ քննարկվել էին հայ-ուկրաինական հարաբերությունները։

«Եթե դուք խոսում եք Մալթայում, այսպես կոչված, Կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա գանհատում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,- ասել է Զախարովան՝ արձագանքելով լրագրողի հարցին։

Նա հիշատակել է, որ ավելի վաղ Կիև էր այցելել Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում կապ է հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Երևանում, կարծում եմ, պետք է տեղյակ լինեն ցուցադրական սիրախաղի մասին մեր երկրին ագրեսիվ ընդդիմացողների հետ, և այլ սահմանում չկա: Ցավալի է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված և համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ​​անվանեց Հայաստանի կայունության և բարգավաճման ամենակարևոր գործոնը»,- ասել է Զախարովան։