Վարչապետի երեխաների եվրոպական այցերը բյուջեի հաշվին չեն. Արմենակ Խաչատրյան

Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաև պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետի ընտանիքի անդամները վարչապետի հետ հաճախ պետական օդանավով մեկնում են արտերկիր:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի երեխաների էքսկուրսիաները բյուջեի հաշվի՞ն է կազմակերպվում, օրինակ, Եվրախորհրդարան, Արմենակ Խաչատրյանը բացասական պատասխան տվեց:

Իսկ ինչպե՞ս են նրանք հասել Եվրախորհրդարան հարցին նա արձագանքեց. «Կոնկրետ այդ հարցի մասին ես չգիտեմ, որովհետև անձամբ ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվել, բայց ամենայն հավանականությամբ, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»:

Դիտարկումը, թե ստացվում է, որ յուրաքանչյուր ոք պետական ինքնաթիռով կարող է գնալ Բրյուսելը կամ Լոնդոնը տեսնել, նա մեկնաբանեց. «Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաև պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: Վարչապետը, օրինակ, եթե որոշում է կայացրել այդ այցին գնալ իր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, ու գնացել է, այստեղ ես չեմ հասկանում հարցը»: