Չինաստանում հաստատել են, որ պատրաստվում են Սի Ծինփինի և Բայդենի հանդիպմանն ԱՄՆ-ում

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Չինաստանի և ԱՄՆ իշխանությունները սկսել են պատրաստվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման կազմակերպմանը, տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Երկու կողմերը համաձայնել են համապատասխան ջանքեր գործադրել Սան Ֆրանցիսկոյում նրանց հանդիպման կազմակերպման համար»,- ասել են չինացի դիվանագետները։

Չինաստանի ԱԳՆ-ում նաև մեկնաբանել են Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի հանդիպումը։

Գերատեսչությունում նշել են, որ երկու երկրների ներկայացուցիչների զրույցի ժամանակ քննարկվել են միջազգային հարցեր, ներառյալ բարձրամակարդակ շփումների պահպանումը, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

Սան Ֆրանցիսկոյում, որտեղ կարող է տեղի ունենալ Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը, նոյեմբերին տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը։