Արցախի պետական ապարատի աշխատողների մի մասն ստացել է աշխատավարձ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ բարձրացած մեծ աղմուկից հետո երեկ Արցախի պետական աշխատողները ստացել են իրենց աշխատավարձը՝ 80-85%-ի չափով:

«Տեղեկացանք, որ նրանց աշխատավարձերը վճարվել է Արցախի պետբյուջեի հաշվին, որը սառեցվել էր: Սառեցված գումարը ապասառեցրել են ու պետաշխատողների աշխատավարձերի մի մասը վճարվել է»,-գրում է կայքը:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս Tert.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։

«Կառավարության անդամները և աշխատակիցները, պատգամավորները, ինչպես նաև ուսուցիչները ստացել են աշխատավարձ։ Շատ մեծ տարբերությամբ են աշխատավարձը վճարել, բայց փոխանցումներն արվել են։ Չեմ կարող ասել՝ ամբողջ համակարգը ստացել է, թե՝ ոչ, բայց պատագամավորների և ուսուցիչների մասով կարող եմ վստահեցնել։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ դեռ բժիշկներն աշխատավարձ չէին ստացել»,- մանրամասնել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի պետաշխատողների աշխատավարձի հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել: Թեև Աամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը գործում են, այսինքն՝ փաստացի մինչև տարեվերջ պետաշխատողները պետք է վճարվեն, սակայն, ինչպես հետո պարզվեց, նրանք անգամ սեպտեմբերի աշխատավարձերը չէին ստացել: Հայաստանի կառավարությունն էլ հայտարարել էր, թե իրենք ԱՀ պետաշխատողներին աշխատավարձ վճարելու իրավասություն չունեն: