Ստեփանակերտը տեսնելով՝ Միյատովիչը ցնցվել է

Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը։ ԵԽ տարածած հայտարարության համաձայն, հայտարարել է է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանում ունեցած հանդիպումների ժամանակ։

Դունյա Միյատովիչն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ։ Սա տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ մարդու իրավունքների նման առաքելություն այցելում է տարածաշրջան, չնայած այցի շրջանակն Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են՝ հիմնավորելով անվտանգության նկատառումներով։ Հանձնակատարը եղել է Վարանդայում, Շուշիում, Ստեփանակերտում, Իվանյանում, Ակնայում։

«Նա ցնցվեց՝ տեսնելով, որ Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո։ Նրան տեղեկացրել են, որ տարածաշրջանում մնացել են միայն շատ քիչ էթնիկ հայեր, որոնք ապրել են այստեղ։ Նա խոսեց Խանքենդիում (Ստեփանակերտ) գտնվող որոշ մարդկանց հետ, այդ թվում՝ ապաստարանում գտնվող, որը բաց է տարածաշրջանում մնացածներից ամենախոցելիներին ընդունելու համար: Ֆիզուլիում և Աղդամում հանձնակատարը տեսավ ավերված քաղաքներ ու գյուղեր, որոնք կարծես տասնամյակներ շարունակ ավերակների մեջ էին մնացել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ երկու երկրներ կատարած այցի ընթացքում հանձնակատարը լսել է մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին հաղորդումներ (կապված ձգձգված հակամարտության հետ) և ականատես է եղել քաղաքացիական անձանց տառապանքներին, որոնք տուժել են տարիների ընթացքում ռազմական գործողությունների տարբեր բռնկումներից։ Միյատովիչը կրկին ընդգծել է բոլոր տեղահանված անձանց իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ՝ արժանապատվության ևանվտանգության պայմաններում նրանց վերադարձի իրավունքը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարաը խոսել է նաև գերիների պաշտպանության և անհետ կորածների գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալուիրավունքների մասին։

Նա շեշտել է, որ հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների անկախ և արդյունավետ հետաքննություն է անհրաժեշտ, կարևոր է համարժեք և արդյունավետ փոխհատուցում տրամադրել տուժածներին։

«Այժմ առավել, քան երբևէ բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն ատելության խոսքը կանխելու և դրա դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցեն համակեցությանը և հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին»,- ընդգծել է Միյատովիչը։