Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը քրիստոնեական հավատքն ընդգծել է որպես ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հիմք

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն քրիստոնեական հավատքն ընդգծել է որպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հիմք։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 27-ին Երեւանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

Հունգարիայի նախարարը երկօրյա այցով Հայաստանում է։ Սա հունգարացի պաշտոնյայի առաջին այցն է՝ տարիներ շարունակ դիվանագիտական ​​հարաբերություններ չունենալուց հետո: 2012 թվականի օգոստոսին Հունգարիան Ադրբեջանին է փոխանցել հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման 30 տարի ժամկետով դատապարտված Ռամիլ Սաֆարովին, ով դաժանաբար կացնահարելով սպանել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Նույն օրը Երևանը դադարեցրեց դիվանագիտական ​​հարաբերությունները Բուդապեշտի հետ։

Քրիստոնեական արժեքները չխանգարեցին Հունգարիային խթանել մարդասպանի անպատժելիությունը։ Բաքու ժամանելուն պես Սաֆարովն ազատ է արձակվել, և Ադրբեջանի իշխանությունների սիրալիր վերաբերմունքին արժանացրել։

Անդրադառնալով դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության, բայց ոչ դրա պատճառին, Սիյարտոն նշեց, որ անցյալ տարի Լեհաստանում որոշվել է վերականգնել դրանք։ «Մենք կառուցում ենք համագործակցություն, որը կծառայի երկու ազգերին և երկրներին։ Կան ընդհանուր հիմքեր։ Օրինակ՝ քրիստոնեական արմատները։ Հպարտությամբ ասում ենք, որ քրիստոնեությունը 1000 տարուց ավելի մեր պետական ​​կրոնն է, իսկ Հայաստանում՝ ավելի վաղ։ Մենք համեստ ենք ձեր համեմատ: Անշուշտ, հայ քրիստոնեական եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել կապերի վերականգնման գործում։ Մենք նախկինում էլ փորձել ենք մեր բարի կամքը դրսևորել՝ նպաստելով 2021 թվականին 5 գերիների ազատ արձակմանը»,- հիշեցրել է Սիյարտոն՝ անդրադառնալով Ադրբեջանից գերեվարված հայերի ազատ արձակմանը։

Նախարարը թվարկեց Լեռնային Ղարաբաղից փախստականներին տրամադրվող օգնությունը։ Նա նաև ասաց, որ որպես հարաբերությունների զարգացում, երկրի իշխանությունները որոշել են Հայաստանից ժամանած ուսանողներին 30 կրթաթոշակային տեղ հատկացնել։