Թավշյա թալան․ ինչպես «հույժ գաղտնի» միլիոններ ծախսվեցին Փաշինյանի կառավարական առանձնատան վրա, և ինչպես 2 տարում «ջրվեց» կոռուպցիոն սկանդալը

AntiFake.am-ը գրում է․ «Դեռ 2019 թվականի սեպտեմբերին, երբ նոր էր բոլորել Նիկոլ Փաշինյանի վարչապետության 1,5 տարին, AntiFake.am–ը տեղեկություն ստացավ, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» որակմամբ՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել` շուրջ 2 միլիոն դոլար։

Տեղեկությունը ստանալուց հետո մենք ուսումնասիրել էինք բաց աղբյուրները և պարզել, որ Կառավարությունը «հույժ գաղտնի» պայմաններում առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշում էր կայացրել։

Հրապարակային էր տվյալ որոշման միայն «1-ին» կետը, որով սահմանված էր, որ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում է կատարել՝ պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորման, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար: Այս աշխատանքների կատարման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 291.687.400 դրամ (մոտ 615.000 դոլար):

Իսկ նախագծի մյուս՝ «2-րդ», «3-րդ», «4-րդ», «5-րդ» կետերը դրոշմագրված են որպես «հույժ գաղտնի»։

 Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի համար 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը մնաց «հույժ գաղտնի» 

Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի նոր կառավարական առանձատան հիմնանորոգման համար պետական բյուջեից դուրս գրված շուրջ 2 միլիոն դոլարի մասին տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը 2019թ․ սեպտեմբերի 26-ին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե որքան գումար է հատկացվել ՀՀ պետական բյուջեից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական առանձնատունը հիմնանորոգելու/վերանորոգելու և կահավորելու համար:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանել էին, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ում` որպես տնտեսություն, մշտապես առկա են շինարարական, վերանորոգման և բարեկարգման խնդիրներ: Պայմանավորված ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությամբ` 2019թ. վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ոչ միայն մեկ առանձնատանը, այլ նաև նման աշխատանքներ իրականացվել և իրականացվում են ՊՈԱԿ-ի այլ առանձնատներում, ինչպես նաև բարեկարգման մասնագետների համար նախատեսված կացարանում և կաթսայատանը: Բացի դա, իրականացվել է նաև առանձնատների կահավորման և ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ»: Պատասխանում նշված էր, որ բոլոր աշխատանքները իրականացվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, որը կրում է «հույժ գաղտնի» դրոշմագիրը:

Մեր հարցումը` ծառայողական առանձնատների վերանորոգման համար հատկացված գումարի չափի տրամադրման մասին, ՊՈԱԿ-ը մերժել էր` հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետին, այն է` տեղեկատվությունը տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային և առևտրային գաղտնիք:

AntiFake.am-ը ևս մեկ հարցում էր արել` ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե որն է կառավարության քննարկվող որոշումը «հույժ գաղտնի» դրոշմագրելու հիմքը:

Մեզ ուղարկված պատասխանում հայտնել էին, որ մեր կողմից պահանջվող տեղեկատվությունը պարունակում է գաղտնիություն, որը հիմնավորվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, ուստի մեզ չեն կարող ամբողջական տեղեկատվություն տրամադրել:

Պաշտոնավարման ողջ ընթացքում իր շռայլությունները գաղտնի պահելու համար Նիկոլ Փաշինյանը թաքնվում է այն օրենքի պաշտպանության տակ, որի ընդունմանը դեմ էր քվեարկել 2014 և 2016 թվականներին:

«Գնումների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2016թ.-ին: Մինչ այդ, Կառավարությունը 2013թ. վերջին խորհրդարան էր ներկայացրել «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն հետ էր կանչվել:

Նախագծով նախատեսվում էր «Գնումների մասին» ՀՀ 2010թ․ դեկտեմբերի 22-ի ՀՕ – 206 – Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովման» բառից հետո լրացնել «, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով սահմանված հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման» բառերով, այլ կերպ ասած՝ վերը թվարկվածի համար նախատեսել գաղտնիություն։

Առաջին ընթերցմամբ ընդունման քվեարկության ժամանակ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսի անդամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էին քվեարկել օրենքի նախագծի ընդունմանը: Իսկ արդեն 2016թ. օրենքի նախագծի ընդունման ժամանակ քվեարկած 101 պատգամավորներից դեմ են քվեարկել ընդամենը 2-ը` Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ուրիխանյանը:

Հետաքրքիր է, որ պաշտոնավարման ողջ ընթացքում իր շռայլությունները գաղտնի պահելու համար Նիկոլ Փաշինյանը թաքնվում է այն օրենքի պաշտպանության տակ, որի ընդունմանը դեմ էր քվեարկել 2014 և 2016 թվականներին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ընդգրկվեց հատուկ պաշտպանության ենթակա անձանց ցանկում, «Գնումների մասին» օրենքը նրա համար ընդունելի դարձավ:

2019թ․ մայիսին Կառավարության նիստում արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը քննադատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, որով առաջարկվել էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները: Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը։ «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում, և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ», – հեգնել էր Փաշինյանը:

Այսպիսով, այդպես էլ պաշտոնական որևէ պարզաբանում չստացվեց, թե որքան գումար է ծախսվում կառավարական առանձնատան վերանորոգման համար, այնինչ «ժողովրդի թեկնածուն» հայտարարում էր` «դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում»:

«Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում». այսպես էր ասում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տեղեկացնելով հանրությանը, որ ընտանիքով տեղափոխվում է կառավարական առանձնատուն: «Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա»,- որոշումը այսպես էր բացատրել Փաշինյանը:

 Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը ապօրինի են տեղափոխվել կառավարական առանձնատուն 

2019թ․ նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց այն առանձնատունը, ուր ընտանիքի հետ միասին տեղափոխվել էր: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով առանձնատունը, միաժամանակ նշում էր, որ այդ առանձնատանը մինչ այդ ապրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

AntiFake.am–ը գրել էր, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ կառավարության ղեկավարի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները, այն է` Նախագահի համար տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ` հասցեն` Ձորափի 74, 8-րդ մասնաշենք:

Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ ցուցադրվող առանձնատունը, ուր իր ընտանիքը տեղափոխվել է, դեռևս 2018 թվականի մարտին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է Սերժ Սարգսյանին:

Իսկապես, մարտի 29-ին կայացված որոշմամբ` կառավարությունը որոշել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել էր կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:

Վերը նշված փաստերից մենք եզրակացրել էինք, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը: Վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատան վերաբերյալ օրենսդրական փոփոխություն կամ այլ կարգավորում, որտեղ կնշվի կառավարական այլ առանձնատան հատկացման մասին, չկա:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել էր այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ: Վարչապետի համար նախատեսված է 3-րդ մասնաշենքը, սակայն Նիկոլ Փաշինյանը, շրջանցելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը, և որը իրեն չի պատկանում: Սա փաստացի հանցագործություն էր։

 

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը 2019թ․ նոյեմբերի 7–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ և Գլխավոր դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի ապօրինի կերպով կառավարական առանձնատուն տեղափոխվելու փաստի առթիվ և պահանջել ձեռնարկել համապատասխան իրավական քայլեր։

 Կառավարությունից հաստատել են, որ Նիկոլ Փաշինյանն ապօրինի է տեղափոխվել կառավարական նոր առանձնատուն 

AntiFake.am–ի հրապարակումից հետո Aravot.am-ը կառավարության լրատվական ծառայությունից հետաքրքրվել էր` ի՞նչ իրավական ակտի հիման վրա է վարչապետի ընտանիքը տեղափոխվել բնակվելու Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատան թիվ 6 մասնաշենք, երբ ՀՀ վարչապետի համար նախատեսված է թիվ 3 մասնաշենքը: «Հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում` ուղիղ հեռարձակմամբ, մանրամասն անդրադարձել է ծառայողական առանձնատան հետ կապված հարցերին: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հասցեն փոխելու հետ կապված արդեն իսկ շրջանառության մեջ է դրված օրենսդրական փոփոխությունների համապատասխան նախագիծ»,- ասված էր կառավարության տրամադրած պատասխանում:

Կառավարությունը, փաստորեն, անուղղակիորեն խոստովանել էր, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի տեղափոխումը կառավարական առանձնատների 6-րդ մասնաշենք տեղի էր ունեցել ապօրինի կերպով՝ առանց որևէ իրավական հիմքի։ Եվ Փաշինյանի տեղափոխումն արդարացնելու համար «իրավական հիմքը» շրջանառության մեջ էր դրվել տեղափոխվելուց հետո։

Թե ինչ ճակատագիր ունեցավ հանցագործության մասին հաղորդումը, կարելի է գուշակել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանն ու նրա ընտանիքը մինչ օրս բնակվում են Կառավարական այդ առանձնատանը։

Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը անվճար հիմունքներով բերել են Փաշինյանի Կառավարական առանձնատուն ու 3 օր հետո հետ տարել. կոռուպցիոն ռիսկի մասին հարցադրումները չեն պարզաբանվել

2019թ․ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, քաղաքացիներից մեկը մեզ լուսանկարներ էր փոխանցել և պատմել, որ տեսել էր, թե ինչպես էր Ձորափի 74 հասցեում գտնվող պետական պաշտոնյաներին սպասարկող առանձնատներ մուտք գործում «Bogart Interior Salon»-ի (Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահ) բեռնափոխադրող մեքենան և դուրս գալիս։ 3 օր անց տեղեկացել էինք, որ Բոգարտի բեռնափոխադրող մեքենան կրկին ուղևորվել էր Կառավարական ամառանոցներ՝ այս անգամ էլ, ամենայն հավանականությամբ, հետ տանելով բերված կահույքը։

Մենք հարցում էինք ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահին՝ հասկանալու, թե ինչ նպատակով և ինչ արժողությամբ կահույք է բերվել Կառավարական առանձնատուն։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սավգուլյանը մեզ պատասխանել էր, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի Երևանում կայանալիք նիստի հետ կապված միջոցառումների շրջանակներում Բոգարտ կահույքի սրահի հետ գույքի անհատույց օգտագործման եռօրյա ժամկետով պայմանագրի հիման վրա Ձորափի 74 հասցեում տեղակայված «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածք է բերվել գույք՝ կահույք և տարբեր աքսեսուարներ։ Բերված կահույքը՝ սեղան, աթոռ, բազմոց և այլ պարագաներ, օգտագործվել են տարբեր մասնաշենքերում միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով։ Բերված գույքն ամբողջությամբ վերադարձվել էր վերոնշյալ ՍՊԸ-ին։

Հաշվի առնելով, որ պատասխանը ոչ լիարժեք էր, կրկին հարցումներ էինք ուղարկել՝ հասկանալու, թե ինչու Հայաստանում ամենաթանկարժեք կահույք վաճառող խանութ սրահը պետք է մի կողմ դնի իր բիզնես շահը և երեք օրով անհատույց գույք տրամադրի որևէ միջկառավարական միջոցառման իրականացման համար։ Արդյո՞ք սա հղի չէ կոռուպցիոն ռիսկերով։ Ստացված պատասխանում նշված էր, որ բերված կահույքն օգտագործվել է տարբեր մասնաշենքերում միջոցառումների պատշաճ կազմակերպման համար։ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք), ինչից ակնհայտ է, որ վարչապետին սպասարկում է մեկ մասնաշենք։ Ի՞նչ տարբեր մասնաշենքերի մասին է խոսքը, եթե Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանին սպասարկող առանձնատանը։

Բնականաբար, հետագա պատասխաններում այդպես էլ չէինք ստացել մեզ հուզող հարցերի պատասխանները, իսկ կոռուպցիոն ռիսկը այդպես էլ չպարզաբանված մնաց:

Պաշտոնավարումից 1,5 տարի անց Փաշինյանը սկսեց «ամրացնել» իր պաշտպանությունը և շինաշխատանքներ նախաձեռնեց Կառավարական առանձնատների մուտքի մոտ նոր անվտանգության «պատնեշներ», «դռոնների» խլացուցիչներ, բոլոր տեսակի նկարահանումների արգելք։ Ծախսերի չափը և հիմքերը չպարզաբանված մնացին։»

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում