Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցք» ստեղծել

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «Պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծն իրականացնել, հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։

Դավիդովը մատնանշել է բարեկամ երկրների հետ միջազգային պայմանագրերի շրջանակում ապրանքների տեղաշարժն արագացնելու նախագծերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Ամենահեռանկարայիններից նա նշել է «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծերը Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Ուզբեկստանի, Չինաստանի և Թուրքիայի հետ։

Պարզեցված մաքսային միջանցքը ենթադրում է վարչական բեռի և մաքսային հսկողության միջոցների կիրառման հաճախականության նվազեցում ապրանքների հայտարարագրման և բացթողման ժամանակ՝ համաձայնագիր կնքած երկու երկրների միջև: