Նիկոլը ՀՀ-ն ամբողջությամբ մտցրել է գեոպոլիտիկ հակասությունների տիրույթ

Աշխարհաքաղաքականությունն ինքնին բարդ երևույթ է, իսկ դրա շուրջ դատողություններ ու մեկնաբանություններ անելն առավել ևս, սակայն գեոպոլիտիկ այս քաոսի մեջ, որն այսօր առկա է արդի աշխարհում, հարկավոր է շատ զգույշ քայլեր կատարել, որպեսզի չվնասվի սեփական պետության շահերն ու չփչանան առանց այդ էլ փխրուն հարաբերությունները։ Ցավով պետք է փաստենք, որ հայաստանյան իրականությունն այսօր ապրում է իր աշխարհաքաղաքական գենեզիսի պատմական մինիմումը։ Եվ այդ ամենի պատճառը բացառապես ունի մեկ անուն՝ նիկոլ։ Արարած, ով 5 տարվա մեջ, հնարավոր բոլոր տարբերակներով քարուքանդ արեց, և այսօր էլ ոգևորված շարունակում է քանդել, 30 տարի կառուցածը (իրենց մեկնաբանությամբ՝ թալանի ու կոռուպցիայի էպոխայում)։

Չեմ փորձի մտնել ծավալուն դիսկուրսի մեջ, ձեզ ծանրաբեռնել քաղաքական ու աշխարհաքաղաքական բարդագույն էլեմենտներով, և մի քանի կարճ դիտարկումներ կանեմ նիկոլական կործանարար գործելաոճի մասին, որի թարմ օրինակը նախօրեին «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցն էր, որը բացի այն, որ ակնհայտ ընդգծված հակառուսական հարցազրույց էր, իր մեջ պարունակում էր նաև ՀՀ անվտանգությանը վերաբերող տարրեր։

Հիմա ուշադիր, թե ինչ թեզեր է գեներացնում նիկոլն իր խոսքում․ «Մենք պետք է անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք», «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել», «մեր պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի», «խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, և այդ հարցերը լեգիտիմ են, որովհետև ձախողում ասելով ես նկատի ունեմ այն փաստը, որ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել ԼՂ հայության անվտանգությունը»։

Դրվագները շատ են, բավարարվենք այսքանով․ փորձենք հասկանալ, թե ուր է տանում իր այս անհեռատես ու ինքնաբուխ տեքստերով։

Հիմա մի պահ հետհայացք գցենք, և փորձենք հասկանալ, թե ինչպես էր իր հարաբերությունները ժամանակին կառուցում Սերժ Սարգսյանը, ով, հանուն արդարության պետք է ընդգծենք, որ առանձնապես ռուսամոլությամբ չէր փայլում և «чашка-ложка» հարաբերությունների մեջ չէր, սակայն նմանօրինակ արկածախնդրության երբեք չէր գնա ու չէր խաղա մարդկանց կյանքրի հետ` հանուն աթոռի: Նա ստեղծված իրավիճակների վերաբերյալ իր ասելիքն իրականացնում էր հստակ դիրքորոշում ու վերաբերմունք ցուցադրելով։ Բացի դրանից, ՀՀ անվտանգության բալանսը պահելու և մնացած ռիսկային հարցերում գտել էր լավագույն լուծման մեխանիզմը՝ և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում միշտ վստահելի ու լիովին հասկանալի գործընկեր էր։

Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ գեպոլիտիկ թնջուկը ևս առկա էր, և նշված բևեռներն ունեին սեփական շահերն ու խորը, թաքնված տարաձայնությունները։ Ահա այս տարաձայնությունների ֆոնին, անգամ, Սարգսյանը ՀՀ-ն երբեք չմտցրեց հակասությունների դաշտ՝ գիտակցելով դրա խորքային ու անդառնալի հետևանքները։ Հիմա, բացի այն, որ նիկոլը ՀՀ-ն ամբողջությամբ մտցրել է գեոպոլիտիկ հակասությունների տիրույթ, մի բան էլ՝ թշնամանում է ՌԴ հետ ու ակնհայտ է, որ դրանց հետևանքները չեն ուշանա և վաղ թե ուշ բոլորս միասին կուտենք սրա եփած ուկրաինական բորշչը։

Փաստ է մի բան՝ 5 տարվա մեջ սրանք էդպես էլ իշխանություն չդարձան, քանի որ իրենք սեփական քայլերի համար մշտապես մեղավոր «նշանակելով», ու նայիվ արդարացումներ մոգոնելով, իշխանություն չեն լինում, պետություն չեն պահում։ 

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից