Նուբար Աֆեյանը և նրանց ընտանեկան հիմնադրամը 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը հայտարարել են, որ 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կհատկացնեն ավելի քան 100.000 տեղահանված արցախցիներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով:

Նվիրատվությունը կտրամադրի «Աֆեյան» հիմնադրամը, որը նախկինում ևս, միավորելով ջանքերն «Ավրորայի» հետ, աջակցել է արցախցիներին 2020 թվականի պատերազմից հետո: Այս վերջին ֆինանսական աջակցությունը կուղղվի մի քանի ոլորտների, այդ թվում՝ առաջնային կարիքների բավարարում, բժշկական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծում:

«Արցախի ժողովրդին ամիսներ շարունակ ահաբեկել են, հարձակվել նրանց վրա իրենց իսկ տներում, իսկ հետո բռնի տեղահանել գիշերվա կեսին,- ասվում է «Աֆեյան» հիմնադրամի հայտարարության մեջ։ -Յուրաքանչյուր փախստական արժանի է արժանապատիվ վերաբնակեցման Հայաստանում։ Քանի որ մոտենում է ձմեռը, հիմա է գործելու ժամանակը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր արդեն քայլեր են ձեռնարկել, և դիմում ենք համաշխարհային հանրությանը՝ համախմբվելու և ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն մարդասիրական այս ճգնաժամը հաղթահարելու համար»: