Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ներկայացրել է հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը. սիրելի Սուրեն, ուրախ եմ մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերի շուրջ առաջընթացի համար: Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ներկայացնելով վերոնշյալ  առանցքային կետերը.

«1. Աջակցություն հայկական բանակին՝ նրա վերափոխման գործում

  • Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին
  • Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում
  • Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ
  1. Ուսուցում
  • Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ
  • Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում
  • Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում

 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

  • «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
  • Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ»,- գրել է ֆրանսիացի նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայիում կայացել է Լըկորնյուի և ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հանդիպումը:

Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին նախապատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի երկրի՝ իր ԶՈւ-ի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին։

«Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները (Հայաստանի հետ – խմբ․), թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքների մասը չենք կազմում։ Դրանք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ պետք է կարողանալ ինքդ քեզ պաշտպանել»,- ասել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը: