Բլինքենն օրենսդիրներին զգուշացրել է, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան. Politico

Politico-ի անանուն աղբյուրները պնդում են, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույցում ԱՄՆ օրենսդիրներին զգուշացրել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը հարավային ուղղությամբ կարող է ներխուժել Հայաստան:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ Հայաստանին կոչ էր արել «միջանցք» բացել հարավային սահմանի երկայնքով, որը Ադրբեջանը կապում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանակից էքսկլավին: Ալիևը սպառնացել է այդ հարցը լուծել «ուժային ճանապարհով»,- գրում է պարբերականը։

Ըստ աղբյուրների՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում օրենսդիրները Բլինքենից պահանջել են հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիեւի դեմ՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ներխուժմանը:

Բլինքենը պատասխանել է, որ Պետդեպարտամենտը ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի ծրագրում  ռազմական օգնություն տրամադրել Բաքվին: Նա հավելել է, որ հավանականություն է տեսնում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը հարավային ուղղությամբ կներխուժի Հայաստան։

Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, Բաքվի ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթից հետո Երևանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պլաններ ունենալ:

«Հատկապես մտահոգիչ է Սյունիքի հարավային հատվածը, որն Ադրբեջանը անվանում է Զանգեզուրի միջանցք, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

Ալիևը չի մասնակցել հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Բաքվի և Երևանի միջև ծրագրված խաղաղ բանակցություններին։ Ավելի ուշ Ալիևն առաջարկել է Վրաստանը որպես Հայաստանի հետ բանակցություններ ընդունող երկիր։

Պաշտոնյաների խոսքով՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Բլինքենը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դեռ կարող է լուծվել արդյունավետ դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով։