Իրանը հետաքրքրված է Հայաստանի քաղաքաշինական ծրագրերով

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են՝  նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրագործվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզամշակութային և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։

Կողմերը դիտարկել են շինարարական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցության, Իրանից աշխատուժի և ոլորտի փորձագետների ներգրավման հնարավորությունները: Շինարարության ողջ շղթայում կարևորելով որակյալ շինանյութի և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը՝ քննարկվել են շինարարական նյութերի արտադրության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Մեհդի Սոբհանին կոմիտեի ղեկավարին փոխանցել է իրանական ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանի քաղաքաշինական ծրագրերով:

Քաղաքաշինության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով կողմերը պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև իրանական պատվիրակության առաջիկա այցի ընթացքում:

Համագործակցության ուղղություններից առանձնացվել են նաև սեյսմիկ անվտանգության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակումը, ճարտարապետության և շինարարության ուղղվածությամբ համալսարանների միջև համագործակցությունը: Արձանագրելով Իրանում և Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին ու համաժողովներին երկու երկրների մասնավոր հատվածի մասնակցությունը՝ միաժամանակ ընդգծվել է այդ ուղղությամբ առավել հետևողական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվել են ներդնել բոլոր ջանքերը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: